Ադրբեջանցիների ակտիվությունն իրավունք է տալիս մտածելու, որ փորձելու են այդ տեղով ճանապարհ ստանալ․ Վահե Հակոբյան

Կապանի օդանավակայանը ավագանու ընտրություններում իշխող ուժի նախընտրական հերթական «փուչիկ ու օդ» խոստումներից էր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։ «Դրանով նորից թոզ էին ուզում փչել ժողովրդի աչքերին։ Որևէ մեկը անվտանգային երաշխիք չի կարող տալ օդանավակայանի շահագործման համար։ Իրենց ոճի մեջ է՝ պոպուլիզմ, սուտ, կեղծիք։ Ադրբեջանական զինուժը 100-150 մետր հեռավորության վրա է, չենք էլ կարող պատկերացնել, որ այդտեղ կարող է վայրէջք կատարել ինքնաթիռ»,-ասաց նա։
Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածին, ասաց․ «Փաստորեն չսահմանափակվեցինք Գորիս-Կապան M2 ճանապարհը հատվածը կորցնելով, կորցրինք նաև Կապան-Ճակատեն ճանապարհը, որով հիմա մեր 4 գյուղերի հայրենակիցները՝ 600 հոգի, Կապան հասնելու համար պետք է շրջադարձ կատարեն Մեղրիով, Քաջարանով՝ անցնելով 150 կմ։
Տաթև-Կապան այլընտրանքային ճանապարհին էլ անդրադառնալով՝ Հակոբյանը նշեց, որ այն կառուցված է սխալ նախագծով, բավականին նեղ է։ «Այն արդեն շատ դժվարանցանելի է, քանի որ բոլոր մեքենաների հոսքն ուղղվում է այդ ճանապարհով, իսկ երբ ձյուն գա, սառցապատվի ճանապարհը, այն դառնալու է անանցանելի, և մեր հայրենակիցները արգելափակվելու են Կապանում, Քաջարանում, Մեղրիում»։
Պատգամավորի խոսքով՝ այժմ ինտենսիվորեն կառուցվում է Անգեղակոթ-Շաղատ ճանապարհը․ «Եթե նայենք Google-ով, հաջորդիվ Նախիջևանի սահմանն է, և ադրբեջանցիները արդեն իսկ կառուցել, վերջացրել են մաքսային տերմինալ։ Նրանց ակտիվությունը հենց այդ հատվածում առնվազն իրավունք է տալիս մտածելու, որ ադրբեջանցիները փորձելու են այդ տեղով ստանալ ճանապարհ»,-ասաց նա՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ դա կդառնա իր քաղաքական վախճանը, փորձում է պայմանավորվածությունից հետ կանգնել։

Վահե Հակոբյանը հայտնեց, որ նախաձեռնել են լսումներ, որոնք կանցկացվեն այս շաբաթվա ընթացքում, և հրավիրել են բոլոր արտախորհրդարանական ուժերին՝ այս իշխանության դեմ մեկ ռազմավարություն մշակելու համար։