Աղետալի մի բան կլինի. մենք բոլորս կորցնում ենք մեր աշխատանքը․ Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյան

«Մեզ ասում են՝ առաջարկած տարբերակին համաձայնելու դեպքում կունենաք շատ լավ պայմաններ ստեղծագործական գործունեության համար: Սա համարում եմ գեղեցիկ հեքիաթ, որը չի համապատասխանում իրականությանը»,- այսօր ասուլիսում ասաց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը՝ անդրադառնալով Պետական կամերային երաժշտական և Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնները միավորելու ԿԳՄՍ նախարարության մտադրությանը:

Նրա գնահատմամբ, փաստարկները, որոնք բերված են այդ գործընթացն իրականացնելու համար, ավելի քան անհեթեթ են, իսկ շենքը պետք է տրամադրվի Սիմֆոնիկ նվագախմբին:

«Իրականությունն ինձ համար շատ պարզ է՝ մեր հաշվին ուզում են ազատել մեկ շենք, որը կտրամադրեն սիմֆոնիկին, թե ոչ, հետագա ճակատագիրն ինչ կլինի, անհայտ է: Թեպետ ենթադրություններ կարելի է անել, որոնք հեռու չեն լինի ճշմարտությունից»,- ասաց նա:
Ս. Ստեփանյանը նշեց, որ երկու թատրոնների մեջ միայն երաժշտական բառն է ընդհանուր, որևէ այլ եզր չկա։

«Երկու տարբեր ձևաչափերի, մտածողության, ուղղության, տարբեր խաղացանկեր, երկու տարբեր ստեղծագործական մթնոլորտ ունեցող թատրոններ են: Կլինի աղետալի մի բան: Մենք բոլորս կորցնում ենք մեր աշխատանքը: Պարոնյանի անվան թատրոնն ընկնում է կատաստրոֆիկ վիճակի մեջ:

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը համարում է, որ մենք վաղուց արդեն գոյություն չունենք, մահացել ենք և մահանում ենք և պետք է թողնել՝ մենք մահանանք, և անախրոնիզմ է համարում այն, որ թատրոնը մեզ համար տուն է, մեզ համար տաճար է»,- ասաց Ս. Ստեփանյանը: