Լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի համար Ադրբեջանի դատախազը պահանջում է 20 տարի բանտարկություն

Ադրբեջանում դատախազը 20 տարի ազատազրկում է պահանջել լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի համար, որին ադրբեջանցիները լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ գերեվարել էին հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրման հենց հաջորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, երբ վերջիններս գնացել իրենց իրերի հետևից Շուշի։

Օրեր անց Վիգեն Էուլջեքչյանին, որ տաքսու վարորդ էր ու Շուշիում էր հաստատվել, Ադրբեջանը ներկայացրեց որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան, նրան 5 մեղադրանք է առաջադրվել:

Դատավարությունը կշարունակվի հունիսի 11-ին, գրում է Interfax.az-ը։

Էուլջեքչյանի գործով մեղադրանքը կառուցվում է միայն «ինքնախոստովանական» ցուցմունքների հիման վրա։

2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երևան, այնուհետև Շուշի։

Մարալ Նաջարյանը միջազգային ջանքերի շնորհիվ մարտին ազատ արձակվեց։