ՀՀ-ում ՌԴ դեսպանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

Ս. թ. հունիսի 2-ից Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։

Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը ծանոթացել է Գորիս – Կապան ավտոճանապարհի (Որոտան, Շուռնուխ) սահմանային հատվածում տեղակայված անցակետերում ռուս և հայ սահմանապահների ծառայությանը, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից լուծվող խնդիրների առանձնահատկություններին:

Մարզի մայրաքաղաք մուտք գործելիս Կոպիրկինին դիմավորել է Կապանի քաղաքապետ Գ. Փարսյանը, ով դեսպանին ներկայացրել է քաղաքում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար։