Մայիսի 28–ը՝ Հանրապետության օր

«Մայիսի 28ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28–ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև»։ Հովհաննես Քաջազնունի, ՀՀ առաջին վարչապետ 

Մայիսի 28-ը Հայաստանի ազգային տոնացույցում նշվում է որպես Հանրապետության օր: 1918-ի հենց այս օրը Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց Անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Հայ ժողովրդի կողմից անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքն ի կատար ածվեց։

Պետության ստեղծումը հայ ազգի համար իսկական հրաշքի էր նման, քանի որ աշխարհն արդեն Հայաստանը ջնջել էր քարտեզի վրայից: Աշխարհը չէր հավատում, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը թուրքական բազմահազարանոց բանակի դեմ պատերազմելու, չպարտվելու և հերոսամարտերով ինքնիշխանություն նվաճելու ուժ կգտնի:

Թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակները Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը։

Հայ ժողովուրդը մեծագույն ճիգով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը:

Շնորհավոր Մայիսի 28-ը՝ Հայաստանի առաջին հանրապետության 103-ամյակը: