Սիրիայում իրանամետ աշխարհազորայինները պատրաստվում են որոշակի իրադարձությունների…

Այսպիսով, Հայաստանի հարևանությամբ շուտով ինչ-որ բան է տեղի ունենալու: Մենք գրել ենք Իրանի և Չինաստանի միջև 25-ամյա ռազմավարական դաշնագրի ստորագրման մասին, գրել ենք նաև, որ Չինաստանից առաջին պաշտոնական պատվիրակությունը վերջերս այցելել է Հյուսիսային Սիրիա՝ հենց Իդլիբ նահանգ: Եվ որ չինական պատվիրակության կազմում էին ինչպես զինվորականներ, այնպես էլ չինական հատուկ ծառայությունների աշխատակիցներ: Մենք հայտնել ենք նաև, որ խուճապ և վախ է տիրում Թուրքիայում և Հյուսիսային Սիրիայում գործող թուրքամետ ահաբեկիչների շրջանում:

Բայց Մերձավոր Արևելքից ապրիլի 6-ին ստացված հաղորդագրությունը, մեր կարծիքով, անհանգստացնող է ոչ միայն թուրքերի և թուրքամետ ավազակների, այլև ԱՄՆ-ի և Իսրայելի համար: Բանն այն է, որ Իրանը գրեթե բացահայտորեն փոխադրել է կարճ ու միջին հեռահարության հրթիռներ Իրաքից Սիրիա: Հրթիռների նոր խմբաքանակը առաքվել է իրանամետ աշխարհազորայիններին Սիրիայում, Եփրատ գետից արևմուտք ընկած շրջանում, ապրիլի 6-ին հաղորդել է պանարաբական, սաուդյանամետ «Asharq Al-Awsat» թերթը (որի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում), վկայակոչելով Սիրիայում իր տեղական աղբյուրները: Ըստ այդ թերթի տվյալների՝ ռազմական բեռը ներառում էր «կարճ ու միջին հեռահարության հրթիռներ»: Նրանք տեղակայվել են Դեյր-էզ-Զոր նահանգում՝ «երկուշաբթի առավոտյան Իրաքի հետ սահմանն ապօրինի հատելուց հետո»,- հավելում է «Asharq Al-Awsat»: Իրանամետ աշխարհազորայիններին պատկանող երեք ռազմական մեքենաներ և Սիրիայի զինված ուժերի 4-րդ զրահապատ դիվիզիային պատկանող մեքենան ուղեկցում էին հրթիռային բեռնափոխադրումը Սիրիայի Արաբական Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո: Տեղեկատվության համաձայն, երկու բեռնատար մեքենա են բեռնաթափվել «Ֆաթիմիոն» աֆղանական (շիա, հեզարեյցիներ) աշխարհազորայիններին պատկանող պահեստներում, նշված նահանգի վարչական կենտրոնից դեպի արևմուտք գտնվող ծայրամասում: Մյուս երկու բեռնատարները շարժվել են Ռաքքա նահանգից դեպի արևելք: Հրթիռներով տրանսպորտային միջոցների մեկ այլ խումբ նաև գնացել է «Լիվա Զայնաբիոն» պակիստանյան (շիա) աշխարհազորայինների տեղակայման վայրեր:

Սիրիայում թուրքերի և ահաբեկիչների դեմ կռվող պակիստանցի շիաների մասին շատ ավելի քիչ բան է գրվել, քան «Ֆասթիմիոն» աշխարհազորայինների մասին, չնայած պակիստանցի շիաները կռվում են Սիրիայում 2013-ից ի վեր: Մի փոքր տեղեկատվություն. «Լիվա Զայնաբիոն» աշխարհազորը կազմավորվել և վարժեցվել է Իրանի ԻՀՊԿ կողմից և գործում է նրանց հրամանատարության ներքո: Պակիստանցի շիաները միավորվել էին Սաիդա Զայնաբի մզկիթի զինված պաշտպանության կարգախոսի ներքո` Սիրիայի ամենահարգված մզկիթներից մեկը, Դամասկոսի հարավային արվարձաններում: Պակիստանցի շիաները զոհված մարտիկներին թաղում են հիմնականում Իրանում:

«Ֆաստիմիոնի» և «Լիվա Զայնաբիոն» իրանամետ աշխարհազորները տեղակայված են Եփրատից արևմուտք գտնվող Դեյր-էզ-Զոր նահանգի ծայրամասում, սակայն տարբեր բնակավայրերում: Միացյալ Նահանգների կողմից աջակցվող Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF) արաբա-քրդական դաշինքը տեղակայված է գետից արևելք: Դամասկոսի կողմից կռվող իրանամետ ստորաբաժանումների կազմում են տարբեր ազգությունների մոտ 15 000 մարտիկներ, նշում է «Asharq Al-Awsat»-ը: Ավելացնենք այս տեղեկատվությանը. ըստ այլ աղբյուրների՝ միայն «Ֆաստիմիոն» և «Լիվա Զայնաբիոն» ջոկատների ընդհանուր թիվը վաղուց անցել է 50 հազար մարդուց, և իզուր չէ, որ արևմտյան լրատվամիջոցներում նրանց հաճախ անվանում են «Սիրիայի երկրորդ բանակ»: Եվ դա՝ չհաշված Լիբանանից և Իրաքից շիա կամավորականների…

Իրանցիների կողմից՝ Իրաքից Սիրիա հրթիռների տեղափոխման մասին տեղեկությունները դեռ չեն հաստատվել անկախ աղբյուրների կողմից: Բայց Իսրայելի «խոր լռությունը» հուշում է, որ «Asharq Al-Awsat»-ի զեկույցը ճիշտ է: Նշենք նաև. Իրաքից Սիրիա իրանական հրթիռների փոխադրման մասին հաղորդագրությունները հայտնվեցին այն բանից հետո, երբ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին ապրիլի 5-ին հերթական անգամ հրապարակավ մերժեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ «Միացյալ Նահանգների հետ ցանկացած ուղղակի կամ անուղղակի բանակցություններ», ինչպես հաղորդում է «Mehr News»-ը, և նաև այն բանից հետո, երբ նույն օրը Արևելյան Օզարբոջան նահանգում Իրանի հետախուզության նախարարության գլխավոր հետախուզական վարչության գլխավոր տնօրենը ասաց, որ հյուսիս-արևմտյան նահանգի հատուկ ծառայությունները ձերբակալել են իսրայելցի լրտեսի և մի քանի այլ անձանց, որոնք կապված են այլ երկրների լրտեսական ծառայությունների հետ, բայց հրաժարվեցին մանրամասներ հաղորդել: Ավելին, նա նշել է, որ հետախուզության նախարարությունը ձերբակալել է թշնամական ցանցի 19 անդամների՝ երկրի դրամավարկային հատվածը խաթարելու մեղադրանքով: Նա ասաց, որ ավելի քան 50 000 չեկ՝ ավելի քան 18 տրիլիոն ռիալի արժեքով, հայտնաբերվել է այս թշնամական ցանցում, հաղորդել էր «Mehr News»-ը:

Սերգեյ Շաքարյանց