Սպանվում են ոչ միայն մարդիկ, այլև մարդկային բարոյականությունը
Սպանվում են ոչ միայն մարդիկ, այլ նաև մարդկային բարոյականությունը։
Երիտասարդ մարդը բանտում մահացել է, որովհետև նրան ակնհայտ քաղաքական մոտիվով ենթարկել են անհամաչափ խափանման միջոցի, եթե նույնիսկ ենթադրենք, որ ճիշտ է եղել նրա հանդեպ կասկածը։ Ակնհայտորեն անհամաչափ խափանման միջոցի պատճառով մարդը հայտնվել է կալանքի տակ ու երեք շաբաթ անց մահացել է սրտի կաթվածից։ Ցանկացած ողջախոհ մարդ գիտե, որ սրտի կաթվածը կարող է շատ արագ զարգանալ հենց միայն սթրեսի հետևանքով։
Թվում է, որ այս ողբերգական դեպքը չի կարող անտարբեր թողնել և ոչ մի բանական ու բարոյական մարդու, անկախ քաղաքական հայացքից, անկախ քաղաքական «ծառայությունից», և բացի թերևս՝ մարդկային ծառայամտությունից։ Եվ մարդկային ծառայամտության անխոնջ մղումով լծվել են մարդուն ողբերգական մահվան տարած իրողությունն արդարացնելուն։
Սա նաև մարդկային բարոյականության նորմերի և նշաձողերի ոչնչացում է։ Ոչ թե իջեցում, այլ՝ ոչնչացում։ Սրա հետևանքը լինելու է սարսափելի։ Կենցաղային խրախճանքի պսպղուն շողերի ներքո տեղի է ունենում հանրային համակեցության միջավայրի վայրիացում, ջնջվում են արժեքային բոլոր կարմիր գծերը։

