Հորդանանը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավին
Հորդանանը հոկտեմբերի 26-ի երեկոյան ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող՝ իր բնորոշմամբ զինյալների թաքստոցներին։ Հորդանանի կառավարության ներկայացուցիչ Մոհամմեդ ալ-Մոմանին հոկտեմբերի 27-ին հայտարարել է, որ հարվածների հետևանքով սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման ավելի քան 20 զինյալ, ինչպես նաև ոչնչացվել է խմբավորման զենքի խոշոր պահեստը։ Region Monitor-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Reuters»-ը։
Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ հարվածների հետևանքով զոհվել է 7 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեք երեխա և մեկ կին։ Հարվածներից հետո Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ գործողությունն իրականացվել է առանց Դամասկոսի հետ նախնական համաձայնեցման, և այն որակել է որպես երկրի ինքնիշխանության խախտում։
Հորդանանը գործողությունը կապել է հոկտեմբերի 23-ին երկրի Քարաք քաղաքում հունական ուղղափառ եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետ, որի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Հորդանանի իշխանությունների պնդմամբ՝ հարձակման մեջ կասկածվողները կապեր են ունեցել Սիրիայում գործող զինյալ խմբավորումների հետ։ Սակայն հարձակման պատասխանատվությունը որևէ խմբավորում չի ստանձնել։ Հորդանանն ու Սիրիան հայտարարել են միջադեպը քննելու և սահմանային անվտանգությունն ամրապնդելու նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին։

