Ով տիրում է Եվրասիային, նա՞ է տիրում աշխարհին․ Մակինդերի աշխարհաքաղաքական բանաձևը և Հայաստանը

20-րդ դարի աշխարհաքաղաքական մտածողության մեջ կան տեսություններ, որոնք մինչ օրս ազդում են պետությունների ռազմավարական հաշվարկների, ռազմական դաշինքների և միջազգային հարաբերությունների վրա։ Դրանցից ամենահայտնիներից բրիտանացի աշխարհագրագետ և աշխարհաքաղաքական մտածող Հելֆորդ Մակինդերի (Halford John Mackinder) «Հարթլենդի տեսությունն»  (Heartland՝ Սրտացամաք) է, որը հաճախ կապվում է Եվրասիայի նկատմամբ վերահսկողության համար մեծ տերությունների պայքարի հետ։

«Մակինդերի ծրագիր» (План Маккиндера) տերմինն ավելի շատ օգտագործվում է պատմագիտական և աշխարհաքաղաքական վերլուծություններում, այն վերաբերում է նրա հայտնի «Հարթլենդի տեսությանը» (Heartland Theory) և Առաջին աշխարհամարտից ու Ռուսական կայսրության փլուզումից հետո Արևելյան Եվրոպայի ու Կովկասի վերաձևավորման վերաբերյալ նրա գործնական առաջարկներին:

Մակինդերի ծրագիրը աշխարհը վերահսկելու աշխարհաքաղաքական տեսությո՞ւն, թե՞ մեծ տերությունների ռազմավարություն

Մակինդերի գաղափարի հիմքում պարզ, բայց ազդեցիկ դրույթ էր․ ով կարողանա գերիշխող դիրք զբաղեցնել Եվրասիայի ռազմավարական կենտրոնում, կունենա համաշխարհային ուժերի հավասարակշռության վրա ազդելու բացառիկ հնարավորություն։

  1. Ի՞նչ էր առաջարկում Մակինդերը

Հելֆորդ Մակինդերը (1861–1947) բրիտանացի աշխարհագրագետ, քաղաքական գործիչ և աշխարհաքաղաքական տեսաբան էր։ 1904 թվականին նա ներկայացրեց «Պատմության աշխարհագրական առանցքը» (The Geographical Pivot of History) աշխատությունը, իսկ 1919 թվականին իր գաղափարները զարգացրեց «Ժողովրդավարական իդեալներն ու իրականությունը» գրքում։

Մակինդերի հիմնական մտահոգությունն այն էր, որ երկաթուղային հաղորդակցության զարգացումը կարող է փոխել աշխարհում ուժերի հարաբերակցությունը։ Եթե նախկինում Մեծ Բրիտանիայի նման ծովային տերությունները հսկայական առավելություն ունեին, ապա Եվրասիայի ներսում զարգացող երկաթուղային ցանցերը հնարավորություն էին տալիս մայրցամաքային պետություններին ավելի արդյունավետ տեղափոխել զորքեր, մարդկանց և ռեսուրսներ։

Նրա կարծիքով՝ Եվրասիայի ներքին տարածքների աշխարհագրական դիրքը կարող էր դառնալ համաշխարհային քաղաքականության որոշիչ գործոն։

  1. Հարթլենդը՝ աշխարհի աշխարհաքաղաքական առանցք

Մակինդերի տեսության կենտրոնական հասկացությունը Հարթլենդն է (Heartland)՝ Եվրասիայի ներքին, ռազմավարական նշանակություն ունեցող տարածքը։ Դրա սահմանները Մակինդերի տարբեր աշխատություններում որոշ չափով փոխվել են, սակայն այն հիմնականում ընդգրկում էր Ռուսաստանի և հարակից մայրցամաքային տարածքների զգալի մասը։

Մակինդերն աշխարհը բաժանում էր մի քանի գոտիների.

Հարթլենդ (Heartland)․ Եվրասիայի ներքին աշխարհաքաղաքական միջուկը։

Ներքին կամ եզրային կիսալուսին (Inner/Marginal Crescent)․ Հարթլենդը շրջապատող Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի մի շարք տարածքներ։

Արտաքին կղզային գոտի․ ծովային տերությունների և հեռավոր կղզային շրջանների աշխարհը՝ ներառյալ Բրիտանիան, Ճապոնիան և այլ տարածքներ։

Այս կառուցվածքի տրամաբանությունն այն էր, որ աշխարհագրությունը սահմանափակումներ և հնարավորություններ է ստեղծում պետությունների համար, իսկ հաղորդակցությունների ու ռեսուրսների վերահսկողությունը կարող է մեծացնել նրանց քաղաքական ազդեցությունը։

  1. Մակինդերի հայտնի բանաձևը

1919 թվականին հրատարակված Democratic Ideals and Reality գրքում Մակինդերը ներկայացրեց իր տեսության ամենահայտնի ձևակերպումը։ 

Արևելյան Եվրոպա → Հարթլենդ → Համաշխարհային կղզի → Համաշխարհային ուժ

«Ով վերահսկում է Արևելյան Եվրոպան, տիրում է Հարթլենդին, ով վերահսկում է Հարթլենդը, տիրում է Համաշխարհային կղզուն, ով վերահսկում է Համաշխարհային կղզին, տիրում է աշխարհին»։

Այստեղ «Համաշխարհային կղզի» ասելով նա նկատի ուներ Եվրոպան, Ասիան և Աֆրիկան՝ որպես մեկ հսկայական աշխարհագրական ամբողջություն։

Այս բանաձևի իմաստն այն էր, որ Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ներքին տարածքների նկատմամբ գերիշխող դիրքը կարող էր պետությանը հնարավորություն տալ ընդլայնել ազդեցությունը մայրցամաքի մեծ մասի նկատմամբ։

  1. Ինչո՞ւ էր Արևելյան Եվրոպան այդքան կարևոր

Մակինդերի տեսության մեջ Արևելյան Եվրոպան առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ այն կապում էր Եվրոպայի արևմտյան հատվածը Եվրասիայի ներքին տարածքների հետ։

Հենց այստեղ է տեսության կարևոր պատմական հետևանքը․ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մակինդերը մտահոգված էր, որ մեկ հզոր տերություն կարող է միավորել Գերմանիայի արդյունաբերական ներուժն ու Ռուսաստանի հսկայական տարածքային և ռեսուրսային հնարավորությունները։ Այդպիսի համադրությունը, նրա կարծիքով, կարող էր խաթարել Եվրոպայում և աշխարհում ուժերի հավասարակշռությունը։ 

  1. Ի՞նչ նշանակություն ունի Մակինդերի տեսությունը Հայաստանի և Հարավային Կովկասի համար

Հայաստանի և Հարավային Կովկասի դիրքը կարելի է ուսումնասիրել Մակինդերի տեսության միջոցով, թեև այս տարածաշրջանը նրա սկզբնական Հարթլենդի հիմնական միջուկը չէր։

Հարավային Կովկասը գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև՝ Սև և Կասպից ծովերի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի հարևանությամբ։ Նրա աշխարհագրական դիրքը տարածաշրջանին տալիս է տրանսպորտային, տնտեսական և քաղաքական նշանակություն։

Հայաստանի համար հատկապես կարևոր են հետևյալ գործոնները.

Տրանսպորտային ուղիներ․ երկաթուղիները, ավտոճանապարհները և միջազգային միջանցքները կարող են փոխել տարածաշրջանային առևտրի ուղղությունները։

Տարածաշրջանային ուժերի մրցակցություն․ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ԱՄՆ-ի և Եվրամիության շահերը հատվում են Հարավային Կովկասում։

Տնտեսական կապակցվածություն․ հաղորդակցությունների բացումը կարող է ստեղծել տնտեսական հնարավորություններ, բայց դրանց ազդեցությունը կախված է իրավական պայմաններից, անվտանգության երաշխիքներից և երկրների միջև հարաբերություններից։

Ինքնիշխանություն և անվտանգություն․ տրանսպորտային նախագծերի շուրջ հիմնական հարցերից են սահմանների, վերահսկողության, իրավասության և պետական ինքնիշխանության պահպանումը։

Մակինդերի աշխարհաքաղաքական ժառանգությունը

ԽՍՀՄ փլուզումից (1991 թ.) հետո Մակինդերի գաղափարները նորից ակտիվացան.

ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելյան Եվրոպա շատ վերլուծաբաններ դիտարկում են որպես Մակինդերի  ծրագրի իրականացման փորձ:

ԱՄՆ հայտնի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին իր «Շախմատային հսկա տախտակը» (Zbigniew Brzeziński -The Grand Chessboard/ Збигнев Бжезинский -Великая шахматная доска) գրքում ուղղակիորեն հենվել է Մակինդերի թեզերի վրա՝ պնդելով, որ ԱՄՆ-ի գլխավոր նպատակը պետք է լինի Եվրասիական ցամաքում որևէ միասնական հեգեմոնի (Ռուսաստան, Չինաստան) ձևավորման կանխումը:

Նյութը պատրաստեց  Ծովինար Մանուկյանը