ԱՄՆ-ում ընդունել են, որ Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Բահրեյնում գտնվող բազային

Իրանական ուժերը նշանակալի վնաս են հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան օբյեկտներին, այդ թվում՝ ԱՄՆ ռազմածովային նավատորմի տեղակայման և մատակարարման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներին։ Այս մասին «Epoch Times» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Հունգ Կաոն։

«Իրանական ուժերը ջախջախիչ հարված են հասցրել Բահրեյնին»,- փոխանցում է պարբերականը Կաոյի խոսքերը՝ ի պատասխան իրանական հարվածների հետևանքների և տարածաշրջանում ամերիկյան ռազմածովային ենթակառուցվածքների վիճակի մասին հարցերին։

Կաոյի խոսքով՝ ԱՄՆ ՌՕՈւ 5-րդ նավատորմի շտաբի և Բահրեյնի ռազմածովային բազայի օբյեկտների վնասվածքներն էապես սահմանափակել են ամերիկյան նավերի՝ նավահանգիստ մտնելու հնարավորությունները։ Մասնավորապես, նա նշել է, որ բազայի վնասումից հետո «Աբրահամ Լինքոլն» ավիակրի անձնակազմը, ըստ էության, զրկվել է այնտեղ կանգառ կատարելու հնարավորությունից։

Ըստ Կաոյի՝ ներկայումս ԱՄՆ ՌՕՈւ-ում ուսումնասիրում են այն հարցը, թե արդյոք Իրանի հետ հակամարտության ավարտից հետո անհրաժեշտ է վերականգնել և կրկին օգտագործել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները։

«Ես ունեմ աշխատանքային խումբ, որն զբաղվում է դրանով»,- մեջբերում է «Epoch Times»-ը Կաոյի խոսքերը։