Կիպրոսի թուրքական հատվածում ՀՀ քաղաքացիների համար կներդրվի E-Visa համակարգը
Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության (ՀԿԹՀ) վարչապետ Ունալ Ուսթելը հայտարարել է երկիր մուտքի և ելքի առավել արդյունավետ վերահսկողության, անօրինական միգրացիայի դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման նպատակով ներդրվել են նոր համակարգեր։ Մասնավորապես, գործարկվելու են «Göç-Sis» միգրացիոն և «E-Visa» էլեկտրոնային վիզայի համակարգերը։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը:
Ըստ Ուսթելի՝ առաջին փուլում «E-Visa» համակարգում կներառվեն Հայաստանի, Սիրիայի և Նիգերիայի քաղաքացիները, որոնց համար կչեղարկվի գործող հյուպատոսական վիզայի ընթացակարգը։ Նոր համակարգով դիմումները նախնական փորձաքննություն կանցնեն Միգրացիոն վարչության կողմից, և, ըստ անձի ժամանման նպատակի, հարցում կկատարվի ոստիկանությանն ու համապատասխան գերատեսչություններին՝ անվտանգության ստուգումները նախքան անձի ժամանելն իրականացնելու համար։
Խիստ վերահսկողություն է սահմանվելու օտարերկրյա ուսանողների նկատմամբ։ Համալսարան ընդունվելն այլևս ինքնաբերաբար երկիր մուտք գործելու իրավունք չի տալու։ Բուհերը դիմորդների տվյալներն առցանց կփոխանցեն Միգրացիոն վարչություն, որն էլ ոստիկանության գլխավոր վարչության կարծիքը ստանալուց հետո որոշում կկայացնի։ Վիզայի ռեժիմի տակ գտնվող Հայաստանի, Սիրիայի և Նիգերիայի քաղաքացի հանդիսացող ուսանողները նույնպես պետք է անցնեն «E-Visa»-ի ստացման գործընթացը։
Ունալ Ուսթելը շեշտել է, որ պետությունը պետք է հստակ իմանա, թե ով, ինչ նպատակով, երբ և ինչ կարգավիճակով է մուտք գործում երկիր։ «Մենք կողմնակից ենք ոչ թե աշխարհից մեկուսանալուն, այլ վերահսկելի և անվտանգ կերպով աշխարհի առաջ բացվելուն»,- հավելել է նա։

