ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հարվածել են Իրաքում իրանամետ խմբավորումների օբյեկտներին
ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրաքի արևելքում գտնվող այն լոգիստիկ հանգույցներին և սպառազինության պահեստներին, որոնք, ըստ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM), իրանամետ խմբավորումները օգտագործում էին ամերիկյան զորքերի և Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների համար։
CENTCOM-ը նաև հայտնել է, որ Իրանը փորձել է հարձակվել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերի վրա։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պնդմամբ՝ իրանական բոլոր հրթիռները խոցվել են։
Ավելի վաղ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել էր, որ Թեհրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի ուղղությամբ։
Իրանական լրատվամիջոցները հրապարակել են Հորդանանում գտնվող ամերիկյան «Մուվաֆֆակ աս-Սալթի» ռազմաբազայի վերևում բարձրացող ծխի կադրերը։
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ավիահարվածների հետևանքով Իրաքում առնվազն 8 մարդ է զոհվել, ևս 4-ը՝ վիրավորվել։
Հարվածը հասցվել է Իրաքի հյուսիսում՝ Նինվեի դաշտավայրում տեղակայված «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերին» պատկանող ճամբարին։ Պայթյուն է լսվել նաև Բաբիլից հյուսիս ընկած հատվածում։ Հարձակման են ենթարկվել նաև Իրաքի հարավում՝ Վասիթ նահանգի Ալ-Սուվայրայի և Բասրա նահանգի Ալ-Դեյրի շրջաններում գտնվող ռազմական շտաբները։
Իր հերթին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաստատել է, որ իր օդատիեզերական ուժերը մի քանի բալիստիկ հրթիռ են արձակել Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազայի և ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարական կետի ուղղությամբ։
ԻՀՊԿ-ում հայտարարել են, որ գործողությունն իրականացվել է ի պատասխան ԱՄՆ-ի շարունակվող սպառնալիքների և Իրանի շահերին «ապօրինի միջամտության»։
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ մի քանի ժամվա ընթացքում երկրի հակաօդային պաշտպանության միջոցները արևելյան նահանգում որսացել և ոչնչացրել են մի քանի անօդաչու թռչող սարք։
Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Թուրքի ալ-Մալիքիի խոսքով՝ հարձակման նոր փորձերը կրկին իրականացվել են Իրաքի տարածքից՝ Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումների կողմից։

