Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը փոխվեց

Հակակոռուպցիոն դատարանը փոխեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փախանման միջոց կալանքը։ Նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանք և 15 միլիոն դրամ գրավ։

Հիշեցնենք՝ հանրային մեղադրողը միջնորդել էր ևս երեք ամսով երկարաձգել Ղուկասյանի խափանման միջոց կալանքը։  

«Դատարանն արձանագրում է, որ ըստ էության, որոշակիորեն նվազել է մեղադրյալի կողմից խոչընդոտելու ռիսկը։ Կիրառված ամենախիստ խափանման միջոցի շարունակությունն այլևս անառարկելի անհրաժեշտություն չէ»,- ասաց դատավոր Լևոն Պետրոսյանը։ 

Ըստ մեղադրական եզրակացության. «Վարդան Ղուկասյանը մեղադրվում է այն բանում, որ նա, հանդիսանալով Գյումրի համայնքի ղեկավար, նույն համայնքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Հենրիկ Գասպարյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության համար պահանջել է խոշոր չափերով՝ 4000000 (չորս միլիոն) ՀՀ դրամ կաշառք գումար, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է պաշտոնական կեղծիք»: