Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կատարված բռնությունը վերջի սկիզբն է
Կատարվածը պետք է ևս մեկ ազդակ ծառայի, որ բոլորով միասին միավորվենք և իշխանությունից հեռացնենք Նիկոլին և իր վարչակարգը
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահության և անձամբ իմ անունից հայտարարում եմ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կատարված բռնությունը վերջի սկիզբն է. այս մասին շինծու քրեական գործով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ապօրինի, ընդ որում, անհամաչափ ուժի կիրառմամբ կալանավորման շուրջ տողերիս հեղինակի հետ զրույցում ասաց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը:
Անդրադառնալով Նիկոլի իշխանության կողմից երկրում հետևողականորեն շարունակվող քաղաքական հետապնդումներին, բռնաճնշումներին, պարոն Գրիգորյանը հավաստեց, որ քրեական պիտակավորմամբ քաղաքական հետապնդման, բռնաճնշման ու հաշվեհարդարի այս դեպքն անկասկած ունենալու է շարունակություն:
«Կատարվելու է ոտնձգություն նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ, գուցե փորձեն ևս մեկ անգամ կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, սակայն արձագանքը մեր կողմից կլինի բավական հզոր և ազդեցիկ,- ասաց ԵՀՄՖ-ի նախագահը:-Եվրոպայի հայկական միությունների ֆորումը ևս մեկ անգամ կդիմի Եվրոպայի այն կառույցներին, որոնց հետ մենք հունվար, փետրվար ամիսներին համատեղ աշխատեցինք Հայ Առաքելական Եկեղեցու դեմ կատարվող հանցավոր գործողությունների ժամանակ և հայաստանյան ուժերի հետ միասին հասանք նրան, որ Վեհափառ Հայրը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, մնաց անվտանգության սահմաններում: Միաժամանակ, այս տարվա փետրվարին Ավստրիայում տեղի ունեցած եպիսկոպոսաց մեծ ժողովը մղձավանջ էր Նիկոլի համար»:
Պարոն Գրիգորյանի հավաստմամբ, ԵՀՄՖ-ը դիմելու է նաև իրավաբաններին և սատարելու է պարոն Ծառուկյանին, որպեսզի նա կարողանա բացարձակ անհավասարակշիռ անձնավորության՝ Նիկոլի կողմից կատարված քայլերին դիմագրավել:
«Կարծում եմ, այսօր արտերկրում համաշխարհային հայության բոլոր նշանավոր միությունները, նաև անհատական ակտիվություն ցուցաբերող բոլոր հայ ու հայամետ գործիչները պետք է իրենց ձայնը բարձրացնեն, դիմեն միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ու մամուլին, փորձեն առանց հապաղելու սատարել պարոն Ծառուկյանին, որպեսզի նրան մեկ օր շուտ ազատեն կալանքից»,- ասաց ԵՀՄՖ-ի նախագահը:
Ըստ նրա, կատարվածը պետք է ևս մեկ ազդակ ծառայի, որ բոլորով միասին միավորվենք և իշխանությունից հեռացնենք Նիկոլին և իր սարսափելի վարչակարգը, որն այսօր գործում է Հայաստանում:
«Կարծում եմ, մոտ ժամանակներում մեր ազգը ոտքի կկանգնի, և երկիրը կազատվի մեզ համար չափազանց անպատվաբեր ներկայիս իշխանությունից»,- զրույցը եզրափակելով, ասաց պարոն Գրիգորյանը:
Արթուր Հովհաննիսյան

