Բրիտանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 9-ին նախարարություն է կանչել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ բողոք հայտնելու «անհիմն մեղադրանքների» առնչությամբ՝ կապված այն պնդումների հետ, թե իրանական կողմը ներգրավված է եղել Բրիտանիայում անվտանգության ոլորտին առնչվող գործողություններում։ Այս մասին տեղեկացնում է IRNA լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ՝ հուլիսի 7-ին Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել էր Բրիտանիայի ԱԳՆ այն բանից հետո, երբ Ռումինիայի երկու քաղաքացիներ դատապարտվել էին 2024 թվականին բրիտանացի և իրանցի լրագրողի դանակահարության գործով։ Մեծ Բրիտանիան հայտարարել էր, որ հարձակումը իրականացվել է Իրանի պետության պատվերով, ինչը Թեհրանը կտրականապես հերքել է։