ԵՄ-ն և Հայաստանը Երևանում անցկացրել են մարդու իրավունքների շուրջ 15-րդ երկխոսությունը
Երևանում հուլիսի 1-ին կայացել է Եվրոպական միության և Հայաստանի միջև մարդու իրավունքների վերաբերյալ 15-րդ երկխոսությունը, որի ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական բարեփոխումների և օրենքի գերակայության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵՄ Արևելյան գործընկերության կայքը։
Կողմերը ողջունել են 2025 թվականի փետրվարին կայացած նախորդ երկխոսությունից հետո ԵՄ-Հայաստան գործընկերության զարգացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը՝ ընդգծելով, որ համագործակցությունը հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2025 թվականից ի վեր գրանցված զարգացումները, ինչպես նաև քննարկվել են Հայաստանում և Եվրամիությունում մարդու իրավունքների ոլորտի քաղաքականության վերջին փոփոխություններն ու առաջնահերթությունները։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը ԵՄ-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգի և վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում։
Անդրադառնալով հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին՝ ԵՄ-ն և Հայաստանը քննարկել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության նախնական գնահատականները և համաձայնել շարունակել խորհրդակցությունները վերջնական զեկույցի հրապարակումից հետո՝ դրա հանձնարարականների իրականացման ուղղությամբ։
Երկխոսության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հավասարության ապահովմանը և խտրականության դեմ պայքարին։ ԵՄ-ն ողջունել է 2025-2028 թվականների Գենդերային հավասարության ռազմավարության և գործողությունների ծրագրի ընդունումը, իսկ հայկական կողմը ներկայացրել է համապարփակ հակախտրականության մասին օրենքի ընդունման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Քննարկվել են նաև ընտանեկան և գենդերային հիմքով բռնության, ատելության խոսքի և ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների կանխարգելման, ինչպես նաև խոցելի խմբերի, այդ թվում՝ ԼՂ-ից տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության հարցերը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև երեխաների իրավունքների պաշտպանության, աշխատանքի պաշտպանության, մարդկանց թրաֆիքինգի, ոչ ֆորմալ և ապօրինի զբաղվածության, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքային ծառայությունների հասանելիության ապահովման թեմաների շուրջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև խաղաղ հավաքների, միավորումների և արտահայտվելու ազատության, քաղաքացիական հասարակության դերի ամրապնդման, ինչպես նաև ազատ և անկախ մեդիա միջավայրի ապահովման հետ կապված հարցեր։ Եվրամիությունը հետաքրքրվել է Հայաստանում անկախ լրատվամիջոցների գործունեության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերով։
ԵՄ պատվիրակությունը գլխավորել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դերեն Դերյան, իսկ հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի համապատասխան պետական մարմինների, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները։
Մարդու իրավունքների վերաբերյալ ԵՄ-Հայաստան հաջորդ երկխոսությունը նախատեսվում է անցկացնել 2027 թվականին Բրյուսելում։

