Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Իվետա Տոնոյան
Իրավապահների գործողությունների հետևանքով պարալիզացված են «Մուլտի գրուպ»-ի կազմում մտնող ավելի քան մեկ տասնյակ ընկերությունների աշխատանքը, մի քանի հազար աշխատակիցներ մնացել են դրսում։ Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդի տան ու նրան պատկանող ընկերություններում խուզարկությունների մասին նոր մանրամասներ է ներկայացրել ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով, այդ հասցեներից են «Արարատ ցեմենտը», Արարատի գինու, կոնյակի գործարանը, Օլպիմպավանը, հյուրանոցներ Ծաղկաձորում, «Մուլտի սթոնը», «Մուլտի Վելնես» համալիրը։
«Բացի այն, որ այդ ընկերությունների աշխատանքն է պարալիզացված, այստեղ խայտառակ նախադեպի հետ գործ ունենք։ Օլիմպավանի համալիրի սենյակներից դուրս են բերել միջազային տարբեր մրցելույթների նպատակով ուսումնական հավաքներ անցկացնող տարբեր մարզաձևերի մարզիկների, հասկանալի է, չէ՞, որ սա միջազգային սկանդալ է։ Ես հասկանում եմ, որ խուզարկություն իրականացնող մարմինները երբեմն և շատ հաճախ մղոններով հեռու են լինում տրամաբանությունից, տարրական քթի ծակ ունենալու ունակությունից, բայց կարծում եմ, որ երկրի միջազգային վարկի ու հեղինակության հետ նման խայտառակ ձևով խաղալը դարձել է այս իշխանությունների համար օրակարգային։ Սա տնտեսական, քաղաքական տեռորի հերթական դրսևորումներից մեկն է։ Օրեր շարունակ այդ թեմայով անոնսներ անելուց հետո այսօր արդեն լծվել են աշխատանքի, մեզ համար այս ամեն ինչը սպասելի էր»,-ասել է Տոնոյանը։

