Աննա Վարդապետյանը եվրոպական երկրներից ժամանած դատախազներին նվիրել է Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը (տեսանյութ)
Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում անցկացվող համաժողովին մասնակցելու նպատակով, եվրոպական երկրներից ժամանած դատախազներին նվիրել է Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատության վերահրատարակված անգլերեն թարգմանությունը: Այս մասին տեղեկանում ենք Դատախազության տարածած հաղորդագրությունից։
2025 թվականի հոկտեմբերի 29-ին Գլխավոր դատախազությունն ու Մատենադարանը կազմակերպել էին «Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի»-ն՝ համաշխարհային հիշողության շտեմարանում. արդի իրավունքի միջնադարյան ակունքները» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով, որի շրջանակում մասնագիտական հանրույթին էր ներկայացվել Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատության վերահրատարակված անգլերեն թարգմանությունը:
Այն մշակվել և հրատարակվել էր Մատենադարանի և «Կայծ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ։

