ԱՄՆ-ն քննարկում է Հորմուզի նեղուցով վճարովի անցում ներդնելու հարցը. Politico

ԱՄՆ վարչակազմը քննարկում է Հորմուզի նեղուցով նավթատար տանկերների շարժը վերականգնելու միջոցառումներ, ներառյալ՝ ամերիկյան ռազմական նավերի պաշտպանության ներքո նավերի վճարովի անցման ներդրման հնարավորությունը։ Այս մասին հայտնել է «Politico» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ պարբերականի տվյալների՝ Սպիտակ տանը դիտարկում են տարբերակներ, որոնք կարող են համոզել նավատերերին և ապահովագրական ընկերություններին կրկին օգտագործել Հորմուզի նեղուցով անցնող երթուղին՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող բանակցությունների ֆոնին։ Քննարկվող առաջարկներից մեկը նավերին յուրօրինակ «VIP-անցագիր» տրամադրելն է՝ հավելյալ վճարի դիմաց նեղուցով արագացված անցում, հնարավոր է՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի ուղեկցությամբ։

Ինչպես նշում է «Politico»-ն, վերջնական որոշում դեռևս չի կայացվել։

«Kpler» վերլուծական ընկերության տվյալներով՝ Պարսից ծոցում՝ Հորմուզի նեղուցի մուտքի մոտ, շարունակում է մնալ շուրջ 500 նավ, այդ թվում՝ 220 նավթատար տանկեր, որոնք սպասում են անվտանգ անցման։