Սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը․
«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ժողովուրդ,
Մենք դուրս էինք եկել ազնիվ քաղաքական պայքարի, բայց մեր դեմ կիրառվեցին ու շարունակում են կիրառվել բոլոր հնարավոր անօրինական քայլերը։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք շարունակելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել ձեր վստահության քվեն։ Սա այժմ արդեն միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության խնդիրը չէ, սա Հայաստանի հետընտրական ամբողջ զարգացումների, մեր բոլորի խնդիրն է։ Մեր թիմն այսօր և առաջիկա օրերին ակտիվորեն աշխատելու է՝ համագործակցելով ընդդիմադիր մեր բոլոր գործընկերների հետ։
Ես շնորհակալություն եմ հայտնում երեկ գիշերվանից մեզ աջակցություն հայտնած բոլոր քաղաքական ուժերին, հանրային գործիչներին, լրատվամիջոցներին։
ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը, և դիմակայելու իշխանության անօրինականություններին։ Մեր իրավաբանական թիմերն աշխատում են բոլոր հնարավոր բողոքարկումների և դատական պրոցեսների ուղղությամբ։ Մենք սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար»։

