ԵԱՏՄ-ին անդամակցությունից հրաժարվելու դեպքում Երևանը կարող է զրկվել առևտրային արտոնություններից. ռիսկի է ենթարկում իր ապրանքաշրջանառության գրեթե 40 տոկոսը
Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանը ռիսկի է ենթարկում իր ապրանքաշրջանառության գրեթե 40 տոկոսը, պարզել է ՌԻԱ Նովոստի-ն՝ ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները:
«ԵԱՏՄ-ին անդամակցությունից հրաժարվելու դեպքում Երևանը կարող է զրկվել առևտրային արտոնություններից, որոնք ստանում էր միությունում գտնվելու հաշվին, այն է՝ միավորման երկրների համար հինգ տոկոսանոց միասնական ցածր սակագնային դրույքաչափից և մի շարք դեպքերում նույնիսկ ապրանքների անմաքս ներմուծման իրավունքից:
Այսպես, 2025 թվականին Հայաստանը միության երկրներ ապրանքների արտահանումից ստացել է 3,2 միլիարդ դոլար։ Առևտրային եկամտի մեծ մասը ստացվել է ռուսական շուկա մատակարարումների հաշվին՝ 2,9 միլիարդ դոլար։
Միևնույն ժամանակ, հայաստանյան ներմուծողները ԵԱՏՄ երկրներից գնել են 5 միլիարդ դոլարի ապրանք։ Հիմնականում նրանք արտադրանք են ներմուծել Ռուսաստանից. այս ցուցանիշը կազմել է 4,87 միլիարդ դոլար։
Այսպիսով, 2025 թվականին Երևանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ-ի հետ հասել է 8,2 միլիարդ դոլարի, իսկ մնացած աշխարհի հետ՝ 13,2 միլիարդ դոլարի։ Սա խոսում է այն մասին, որ միության հետ առևտրին բաժին է ընկնում հայկական ողջ ապրանքաշրջանառության 38,5 տոկոսը:
Հայաստանի խորհրդարանը մարտին օրենք է ընդունել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին, որն ապրիլին հաստատել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նախազգուշացրել է, որ մաքսային միության մեջ գտնվելը և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի հետ անհնար է։
Վերջին շրջանում Երևանը մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել Մոսկվայի նկատմամբ։ Ռուսաստանի ԱԳՆ-ում նշում էին, որ Արևմուտքի նպատակն է Հայաստանն օգտագործել Ռուսաստանի դեմ, մասնավորապես՝ ԵՄ-ին անդամակցելու մասին պոպուլիստական կարգախոսի օգնությամբ նրան գրավելով դեպի արևմտյան ճամբար։ Հայաստանի ղեկավարությունը, սակայն, չի անսում նախազգուշացումներին. վերջին շրջանում այնտեղ ձեռնարկել են որոշակի քայլեր, որոնք դաշնակցային հարաբերությունների փոփոխության ռիսկ են պարունակում»,- հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

