Թուրքիան և Հայաստանը Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել
Թուրքիան և Հայաստանը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնում է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։
«Համապարփակ և արդյունավետ հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանի հետ՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Պարոն Փաշինյանի հետ մեր հանդիպման ընթացքում մենք համապարփակ կերպով քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունները։ Մենք նաև հնարավորություն ունեցանք քննարկելու տրանսպորտային, մաքսային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների ու կապի ամրապնդմանն ուղղված քայլերը։
Ուրախ ենք, որ կարգավորման գործընթացում ձեռնարկված փոխադարձ կառուցողական քայլերը կոնկրետ առաջընթաց են ապահովում։
Կարծում ենք, որ համագործակցության խորհրդանշական և կոնկրետ ոլորտները, ինչպիսին է Անիի կամրջի համատեղ վերականգնումը, որը մենք այսօր ստորագրեցինք փոխըմբռնման հուշագրով, կնպաստեն կայուն խաղաղության և անվտանգության միջավայրի ստեղծմանը։
Տարածաշրջանային խաղաղության, երկխոսության և կայունության վրա հիմնվելով՝ մենք վճռականորեն կշարունակենք Հարավային Կովկասում կարգավորումը առաջ մղելու, տնտեսական համագործակցությունը մեծացնելու և մեր ժողովուրդների միջև կապերը ամրապնդելու մեր մոտեցումը։
Մաղթում եմ, որ մեր հանդիպումը արդյունավետ լինի և շնորհակալություն եմ հայտնում պարոն Փաշինյանին՝ իր բարեհամբույր հյուրընկալության համար»,- գրել է նա։

