ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները շարունակում են մնալ փակուղում, պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի խաղաղության այն նախաձեռնությունից, որն օրերս առաջարկել էր Թեհրանը. այս մասին, «Комсомольская правда»-ի փոխանցմամբ , հղում անելով ԱՄՆ-ի վարչակազմում իր աղբյուրներին, հայտնել է CNN հեռուստաալիքը։

Նախօրեին «Al Mayadeen» հեռուստաալիքը հայտնել էր, որ Թեհրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների եռափուլ պլանը: Իրանը պնդում է, որ առաջին փուլը նվիրված լինի ռազմական գործողությունների ամբողջական դադարեցմանը և գրավոր, իրավական առումով պարտավորեցնող երաշխիքներ ստանալուն, որ Իրանին և Լիբանանին հարվածները երբեք չեն վերսկսվի: Երկրորդ փուլը պետք է վերաբերի հակամարտության ավարտից հետո Հորմուզի նեղուցի երկուստեք վերաբացմանը և կառավարմանը։ Եվ միայն երրորդ փուլում, իրանական առաջարկի համաձայն, կողմերը պետք է քննարկեն Թեհրանի միջուկային ծրագիրը։  Ընդ որում, Իրանը հրաժարվում է դիտարկել միջուկային դոսյեն մինչև առաջին երկու կետերի շուրջ համաձայնության հասնելը։

Հետագա տեղեկությունները հաստատում են CNN-ի հրապարակումը: Ինչպես, «Комсомольская правда»-ի փոխանցմամբ,  հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ազգային անվտանգության ներկայացուցիչների հետ քննարկել է Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ Իրանի առաջարկները:

«Ես կարող եմ հաստատել, որ նախագահն այսօր առավոտյան հանդիպել է Ազգային անվտանգության իր թիմի հետ,- հայտնել է նա ճեպազրույցի ժամանակ։- Առաջարկը քննարկվել է»:

Ինչպես հայտարարել է Լիվիտը, Իրանի նկատմամբ Թրամփի նշած «կարմիր գծերը» մնում են անփոփոխ: ԱՄՆ-ի նախագահը շարունակում է հավատարիմ մնալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր պահանջներին:

Ավելի վաղ «Комсомольская правда»-ն հաղորդել էր , որ Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանը քննադատել է Թրամփի դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ ոչ ոք ԱՄՆ-ին իրավունք չի տվել Իսլամական պետությանը զրկել միջուկային Էներգետիկան զարգացնելու հնարավորությունից:

Ինչպես, РБК-ի փոխանցմամբ, հաղորդել է «Reuters»-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու Իրանի առաջարկից, քանի որ այն չի անդրադառնում Թեհրանի միջուկային ծրագրին, նախատեսում է հետաձգել դրա քննարկումը:

«Նրան դուր չի գալիս այդ առաջարկը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ CNN-ի հաղորդման, ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ առանց Իրանի ուրանի հարստացման և հարստացված ուրանի պաշարները երկրից հանենելու հարցերը լուծելու, նեղուցում նավագնացության վերսկսումը կարող է ԱՄՆ-ին զրկել բանակցություններում ազդեցության առանցքային լծակից: Մյուս կողմից՝ Հորմուզի նեղուցի արգելափակման պահպանումը կերկարաձգի էներգակիրների բարձր գների ժամանակահատվածը, ինչն արդեն հանգեցրել է ԱՄՆ-ում գազի գնի կտրուկ աճի, հավելել են նրանք: Հավելենք՝ նաև բենզինի: CNN-ի հաղորդման համաձայն, Թրամփի հետագա քայլերն անհասկանալի են մնացել:

Թրամփի վարչակազմը թերահավատորեն է գնահատել Իրանի առաջարկած բանակցությունների եռափուլ ծրագիրը: Ինչպես, Սպիտակ տան անանուն ներկայացուցիչներին վկայակոչելով, հաղորդել է «The Wall Street Journal» թերթը, Թրամփը չի մերժել Թեհրանի նախաձեռնությունն ուղղակիորեն, սակայն կասկած է հայտնել, որ Իրանը պատրաստ է կատարել Վաշինգտոնի առանցքային պահանջը: Խոսքը Թեհրանի՝ ուրանի հարստացումից ընդհանրապես հրաժարվելու և հարստացված ուրանի պաշարները երկրից դուրս հանելու մասին է: Ընդ որում, ըստ հրապարակման, ԱՄՆ-ը մտադիր է շարունակել երկխոսությունը և մոտ ժամանակներս ներկայացնել իր պատասխանը կամ հակաառաջարկներն իրանական պլանին:

Ամերիկյան «Axios» պորտալը, «Новости Mail»-ի փոխանցմամբ , գրել է, որ Նախագահի որոշ խորհրդականներ պնդում են, որ Հորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակումը շարունակվի և լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ սահմանվեն:

«Իրանի նկատմամբ պատժամիջոցների մակարդակն արտառոց է… բայց կարելի է ձեռնարկել էլ ավելին»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Նա հույս ունի, որ մյուս երկրները կաջակցեն հակաիրանական սահմանափակումներին, որպեսզի Թեհրանին ստիպեն զիջումների գնալ։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը համոզված է, որ Հորմուզի ամերիկյան շրջափակումն արդեն տալիս է իր պտուղները:

«Այն ժամանակ, երբ ԻՀՊԿ-ի փրկված առաջնորդներն արգելափակված են, ինչպես կոյուղու խողովակում խորտակվող առնետները, Իրանի ճռռացող նավթային արդյունաբերությունը սկսում է կրճատել արդյունահանումն ԱՄՆ-ի շրջափակման պատճառով,- հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը:- Արդյունահանումը շուտով ամբողջությամբ կդադարի: Հաջորդ փուլը՝ բենզինի դեֆիցիտ Իրանում»:

Վերլուծաբանները, սակայն, կասկածում են, որ նման մեթոդներով հնարավոր կլինի Իրանից զիջումների հասնել։ Նրանք կարծում են, որ Իրանին չի սպառնում հում նավթի արդյունահանման մասշտաբային դադարեցման անմիջական վտանգ, և հիշեցնում են, որ Թեհրանը նավթային պաշարների ստեղծման փորձ ունի, այլ ձեռնարկություններում ազատ տարածքների առկայություն և նավթի պահեստավորման և արտահանման այլընտրանքային հզորություններն ընդլայնելու հնարավորություններ: Նրանց կարծիքով, Իրանն ի վիճակի է դադարեցնել արդյունահանումը, առանց «հանքավայրերում ճնշման աղետալի կորստի», իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ունի եկամտի այլ աղբյուրներ, ինչպիսիք են նավթի մաքսանենգությունը ցամաքում և փոքր տանկերներում:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան