Մերձավոր Արևելքը վառոդի տակառի վրա է, Իրանի և իր թշնամիների միջև ավելի մեծ թափով պատերազմի վերսկսումը միայն հրաշքով կարող է կանխվել (տեսանյութեր)
Ահա և հայտարարություններն ու փաստերը
Նոր տեղեկություններն ավելի են հիմնավորում երեկվա մեր այն կանխատեսումը, որ «Իրանի և իր թշնամիների միջև հրադադարը, ցավոք, սոսկ ժամանակավոր է, պատերազմը վերսկսվելու է ավելի մեծ թափով»:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թեև ապրիլի 8-ի գիշերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է աշխատանքային հիմք հանդիսանալ բանակցությունների համար (ըստ առաջարկի կետերից մեկի, Հորմուզի նեղուցի վերահսկողությունը թողնվելու է Թեհրանի վրա), երեկ Իրանին կոչ է արել Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար չգանձել: Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը չպետք է վճար գանձի Հորմուզի նեղուցով լցանավերի անցման համար:
«Տեղեկություններ են ստացվում, որ Իրանը վճար է գանձում Հորմուզի նեղուցով անցնող տանկերներից։ Ավելի լավ կլիներ, որ այդպես չլիներ։ Իսկ եթե դա այդպես է, ապա ավելի լավ է, նրանք անմիջապես դադարեցնեն»,- հայտարարել է նա:
ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ Իսլամական Հանրապետությունը շատ վատ է գլուխ հանում Հորմուզի նեղուցով նավերի անցումից։ Նրա խոսքով՝ վճարի գանձումը չի համապատասխանում համաձայնագրի պայմաններին։
«Իմ շնորհիվ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, և նավթի մատակարարումները շատ շուտով կվերսկսվեն Իրանի օգնությամբ կամ առանց Իրանի օգնության, դա ինձ համար բոլորովին կարևոր չէ»,- «ВФокусе Mail»–ի փոխանցմամբ, հայտարարել է Թրամփը:
Ավելի վաղ «Financial Times» թերթը հայտնել էր, որ Իրանը պատրաստ է նավթատար լցանավերի համար Հորմուզի նեղուցով անցում բացել այն բանից հետո, երբ նավում նավթի յուրաքանչյուր բարելի դիմաց 1 դոլար տուրք վճարվի: ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ավելի շուտ ինքն է գանձելու նեղուցով նավերի անցման վճարը, քան թույլ կտա դա անել Իրանին:
Ապրիլի 8-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը նույնպես հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեմ է Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճարի գանձմանը, սակայն հնարավորությունը, որ Վաշինգտոնն ու Թեհրանը դա կանեն համատեղ, կքննարկվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
Ավելի վաղ ամերիկյան նավթային ընկերությունները դեմ էին արտահայտվել Իրանին Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար գանձելու թույլտվություն տալու գաղափարին: Ոլորտի ներկայացուցիչները դիմել են պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, Սպիտակ տանը խնդրել լուծել այդ խնդիրը:
Ըստ Թրամփի, բանակցությունների ձախողման դեպքում Իրանին հետևանքներ են սպասվում: «Московский комсомолец»–ի տեղեկացմամբ, ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Իրանի իշխանություններին «շատ ցավոտ կլինի», եթե բանակցությունների ընթացքում կողմերը չկարողանան համաձայնության գալ:
Ըստ ամերիկյան թե «Intercept» պորտալի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն փորձում է խափանել Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը:
«Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից երեքշաբթի երեկոյան հայտարարված և իրանցի պաշտոնյաների կողմից հաստատված հրադադարը տապալման եզրին է»,- «РИА Новости»–ի փոխանցմամբ, գրել է պորտալը և հավելել, որ եթե Նաթանյահուն հասնի իր նպատակին, հրադադարը շուտով այլևս գոյություն չի ունենա:
Ինչպես նշված է հրապարակման մեջ, Իսրայելի վարչապետը նույնիսկ հռետորաբանության մակարդակով ընդգծում է, որ հակամարտությունը դեռ չի ավարտվել, իսկ ներկայիս բոլոր միջոցները՝ բանակցությունները և հրադադարը, միայն ժամանակավոր բնույթ են կրում, և բոլոր դրված նպատակները ձեռք կբերվեն։
«Այժմ, հնարավոր է, ի չիք դարձնելով Իրանի հետ հակամարտությունից դուրս գալու ԱՄՆ-ի ջանքերը, Իսրայելի վարչապետը հայտնվում է սովորական իրավիճակում. նա պետք է խաղա ԱՄՆ- ի և Իրանի հարաբերություններում լիցքաթափման ցանկացած ձևի ապակայունացնողի դերը»,- եզրափակել է պարբերականը:
«Մենք անպայման փոխհատուցում կպահանջենք պատճառված յուրաքանչյուր վնասի, թափված արյան համար»,- նշել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իրանի բնակիչներին ուղղված ուղերձում և ընդգծել է, որ հատուցման ձգտումն Իրանի ժողովրդի և երկրի ղեկավարության համար անկոտրում կամք և սրբազան պարտականություն է:
Խամենեին հավելել է, որ երկրի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեի նահատակման կապակցությամբ հայտարարված սգի ավարտին Իրանի ժողովուրդը պետք է պահպանի «նրա մաքուր արյան և այլ զոհերի համար վրեժ լուծելու ամուր վճռականություն»:
«Նրա թափված արյան և երկրորդ ու երրորդ պարտադրված պատերազմների ընթացքում զոհված բոլոր նահատակների համար վրեժ լուծելու վճռական կամքը ապրելու է սրտում և հոգում»,- «Московский комсомолец»–ի փոխանցմամբ, հայտարարել է նա՝ նկատի ունենալով 2025թ. հունիսին Իսրայելի հետ հակամարտությունը և ներկայիս պատերազմը:
Իրանական առաջատար լրատվական գործակալություններից «Fars»-ը, որը կապված է ԻՀՊԿ-ի հետ, երեկ, РБК-ի փոխանցմամբ, հրապարակել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը, ըստ որի, Իրանը փոխհատուցում է պահանջում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով երկրին հասցված վնասի և զոհվածների համար:
«Բոլորը պետք է իմանան՝ մենք հանգիստ չենք թողնի մեր երկրի վրա հարձակված հանցագործ ագրեսորներին։ Մենք անպայման փոխհատուցում կպահանջենք»,- հավաստել է Խամենեին։
Գերագույն առաջնորդի խոսքով՝ Իրանը «պատերազմ չի փնտրել և չի փնտրում», բայց ոչ մի պարագայում չի հրաժարվի իր օրինական իրավունքներից: Նա նաև հայտարարել է, որ Թեհրանն անպայման կանցնի Հորմուզի նեղուցի կառավարման «նոր փուլին» (հավանաբար նկատի ունի նավթ տեղափոխող նավերի անցման դիմաց վճարների գանձումը): Այս միջազգային միջանցքի նկատմամբ վերահսկողության պահպանումը ԱՄՆ-ի հետ բանակցելու Իրանի 10 պահանջներից մեկն է։ Խամենեին հայտարարել է նաև, որ իր երկիրը հաղթել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունում:
«Կարելի է լիակատար վստահությամբ ասել, որ դուք՝ Իրանի հերոսական ազգը, անվիճելի հաղթողներ եք այս ռազմի դաշտում»,- РБК-ի փոխանցմամբ, հայտարարել է նա ազգին ուղղված իր ուղերձում:
Խոսելով «հարավային հարևանների»՝ Պարսից ծոցի երկրների մասին, Իրանի առաջնորդը, «ВФокусе Mail»–ի փոխանցմամբ, ասել է. «Այս պահին ես ասում եմ Իրանի հարավային հարևաններին ՝ դուք հրաշքի ականատեսն եք։ Այսպիսով, ճիշտ նայեք, ճիշտ հասկացեք, ճիշտ կողմը վերցրեք և կասկածանքով վերաբերվեք սատանաների կեղծ խոստումներին»:
Թեև Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում վաղը նախատեսված են ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների բանակցությունները, սակայն հանդիպման կայացման առումով դեռ անորոշություն է, նույնիսկ բացառված չէ, որ բանակցությունները չկայանան: Իրանն այսօր նշել է ԱՄՆ-ի կողմից չկատարված հրադադարի երկու պայմանները: ԱՄՆ-ը և Իրանը միմյանց մեղադրել են հրադադարի պայմանները խախտելու մեջ. Թրամփը պահանջում է, որ առևտրային նավերն անվճար անցնեն նեղուցով, Թեհրանը պնդում է, որ դադարեցվեն Իսրայելի կողմից Լիբանանի ռմբակոծությունները, և ԱՄՆ-ի կողմից մասնակի հանվեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները:
Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնեցված հրադադարի երկու կետերը մինչ օրս չեն իրագործվել. այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
«Լիբանանում հրադադար և իրանական ակտիվների ապաշրջափակում մինչև բանակցությունների մեկնարկը,- գրել է նա։- Այս երկու պայմանները պետք է կատարվեն նախքան բանակցությունները սկսելը»:
Նրա խոսքով ՝ «այդ քայլերը կողմերի ստանձնած պարտավորությունների մի մասն են», իսկ եթե դրանք չկատարվեն, կողմերի հանդիպումը կարող է և չսկսվել:
«ВФокусе Mail»–ի փոխանցմամբ, իրանական «Tasnim» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, այսօր կեղծ համարել ու հերքել «The Wall Street Journal»-ի հրապարակած այն տեղեկությունը, թե Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ՝ մասնակցելու ԱՄՆ-ի հետ բանակցություններին:
Ամերիկյան պատվիրակությունը, Газета.Ру-ի փոխանցմամբ , արդեն մեկնել է Իսլամաբդ, սակայն Իրանի պատվիրակությունը, ըստ երևույթին, դեռ չի ժամանել այնտեղ, այս մասին լուրերը տարբեր են: Բանակցություններից առաջ ԱՄՆ-ն ու Իրանը, ինչպես նախկինում կայացած բանակցություններից առաջ, սպառնալիքներ են փոխանակել:
«New York Post»-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լայնածավալ ծրագիր է սկսում իր նավերի վերազինման համար, որոնք բանակցությունների ձախողման դեպքում կկիրառվեն Իրանի դեմ:
«Մենք նավերի վրա բեռնում ենք լավագույն զինամթերքը, երբևէ ստեղծված լավագույն զենքը, նույնիսկ ավելի լավ, քան այն, ինչ նախկինում ունեինք, և մենք նրանց կտոր-կտոր կանենք»,- սպառնացել է Թրամփը:
ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ը «շատ արդյունավետ կօգտագործի դրանք», եթե գործարքը ձախողվի:
«Մենք դրա մասին կիմանանք մոտ 24 ժամից։ Շուտով մենք ամեն ինչ կպարզենք»,- ասել է Թրամփը։
Իրանի զինված ուժերի մարտական հրամանատարության «Խաթամ ալ Անբիա» միացյալ շտաբը, իր հերթին, հայտարարել է, որ երկրի բանակը լիարժեք մարտական պատրաստության մեջ է:
«Ագրեսորներն անպատասխան չեն մնա,- հայտարարել են շտաբում:- Հորմուզի նեղուցի կառավարումը դուրս կգա նոր մակարդակի, Իրանի իրավունքները զիջման ենթակա չեն։ «Հըզբոլահ»-ի և Լիբանանի վրա հարձակումների շարունակման դեպքում կհետևի կոշտ պատասխան»:
Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թահթ Ռավանչին հայտարարել է, որ Թեհրանը չի ցանկանում հրադադար, որը թույլ կտա ԱՄՆ-ին և Իսրայելին կրկին հարձակումներ սկսել:
Անվտանգության հարցերով առաջատար թուրք փորձագետներից մեկը՝ Աբդուլլահ Հագարը, ՏԱՍՍ-ին տված մեկնաբանության մեջ այն կարծիքն է հայտնել, որ հիշյալ բանակցությունները տևական խաղաղության հասնելու նպատակ չեն հետապնդում, այլ մարտավարական քայլ են, որպեսզի կողմերը կարողանան ժամանակ շահել և գնահատել՝ ճգնաժամի վերահսկողությունից դուրս գալու ռիսկերը: Ըստ նրա, կողմերի հաշտեցումն անհնար է։
Ռուսաստանցի քաղաքագետ- արևելագետ Կարինե Գևորգյանը հեռուստաալիքի համար մեկնաբանության մեջ բանակցությունների ձախողման հավանականությունը գնահատել է 55-60 տոկոս: Նա նշել է, որ իրանական կողմը տեսնում է ամերիկյան ուժերի կենտրոնացումը տարածաշրջանում, ինչը եղել է նաև նախորդ բանակցություններից առաջ և կարող է վկայել ամերիկյան կողմի՝ նոր հարվածի նախապատրաստվելու մասին։
«Ես հակված եմ նրան, որ բանակցությունները չեն կայանա»,- ասել է Գևորգյանը:
Եվ եթե նույնիսկ կայանան, ապա բանակցությունները համաձայնության ու խաղաղության, ցավոք, չեն հանգեցնի, կարդացեք, թե այս կապակցությամբ ինչ է ասել ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութերն այստեղ՝

