Անտարկտիկայում նոր կղզի է հայտնաբերվել

Անտարկտիկայի Ուեդդելի ծովում նոր կղզի է հայտնաբերվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ալֆրեդ Վեգեների անվան Բևեռային և ծովային հետազոտությունների ինստիտուտին։

Նոր կղզին հայտնաբերել է գերմանական Polarstern սառցահատի միջազգային անձնակազմը։

«2026 թվականի փետրվարի 8-ից 93 մարդուց բաղկացած միջազգային խումբն ուսումնասիրում է Անտարկտիկայի Ուեդդելի ծովի հյուսիս-արևմուտքի հատվածը։ Գիտնականներին ու անձնակազմին զարմացրել է կղզու հայտնվելը, որը նախկինում ծովային քարտեզների վրա նշված էր, որպես վտանգավոր տարածք»,- ասված է հաղորդագրությունում։

Ժայռային կղզու ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն ունի շուրջ 130 մետր երկարություն, 50 մետր լայնություն և 16 մետր բարձրություն։ Գիտնականները նշում են, որ կղզին նախկինում կարող էր փաստաթղթավորված չլինել, քանի որ այն արբանյակային լուսանկարներով կարող էին հեշտությամբ շփոթել սառցաբեկորի հետ։

Բևեռային և ծովային հետազոտությունների ինստիտուտը նշում է, որ այժմ պետք է որոշել կղզու անվանումը։