«18 տարեկան «երեխան» Վերջին զանգը կնշի Արմավիր ՔԿՀ-ում»․ Վեդիի քպ-ական համայնքապետը Դավիթ Մինասյանի մասին
Վեդի համայնքի քպ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքում գրառում է կատարել օրեր առաջ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի և դպրոցական տղաների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով եղբայրներից մեկի կալանավորման վերաբերյալ։
«18 տարեկան «երեխան» Վերջին զանգը կնշի Արմավիր ՔԿՀ-ում։
Вот какая доля хулиганчика»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29-ին Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ երիտասարդին քաշքշելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ուզում է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման են ենթարկել երիտասարդներին։
Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։ Ձերբակալվածները եղել են Դավիթ ու Միքայել Մինասյանները, որոնք սովորում են դպրոցում, ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ Որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և գրավը։
Ավելի ուշ դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է։ Նա «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, ապա՝ նորից կալանավայր։

