Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ԱԳՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 31-ին հայտարարություն էր տարածել՝ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, թե իբր «1918 թվականին հայկական խմբավորումները ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հարց. Ի՞նչ մեկնաբանություն ունեք Ադրբեջանի ԱԳ նախարարության՝ 2026թ. մարտի 31-ի հայտարարության կապակցությամբ:
Պատասխան. Տասնամյակների պատմություն ունեցած հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական, ոչ հավաստի նարատիվներ, որոնք, ցավալիորեն, Ադրբեջանում դեռ շարունակվում են օգտագործվել նաև պետական մակարդակով: Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների և հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության և բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտացածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը: Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս մասին նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Վաշինգտոնում, որտեղ 2025թ. օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրի 5-րդ կետում հստակ խոսվում է երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու և մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո երկու ժողովուրդների համար բարիդրացիական հարաբերություններ սկսելու հնարավորության մասին:

