Երևանը կհյուրընկալի Գարի Քեսայանին և ամերիկյան ջազի աստղերին
Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում ապրիլի 25-ին տեղի կունենա լեգենդար ջազային երաժիշտ Գարի Քեսայանի հոբելյանական համերգը՝ ամերիկյան ջազի աստղերի մասնակցությամբ։
Կազմակերպիչները հայտնում են, որ այդ երեկո բեմում հանդես կգան աշխարհում նշանավոր երաժիշտներ՝ ջազ-վոկալիստուհի Էլեն Ստեպտերը, շեփորահար-վոկալիստ Ջոնի Բրիթը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինսենտը և հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնը։
Մաեստրոյի հետ միասին նրանք կներկայացնեն հագեցած ու վառ ծրագիր, որը կմիավորի ջազային երաժշտության տարբեր ուղղություններն ու ժամանակաշրջանները։ Համերգի ընթացքում կհնչեն ջազի և բլյուզի հայտնի հիթեր, որոնք դարձել են ժանրի դասականներ, ինչպես նաև Գարի Քեսայանի հեղինակային ստեղծագործությունները։

Քեսայանը կոմպոզիտոր, դաշնակահար և ջազային արվեստի կարևորագույն ներկայացուցիչներից է։ Հոբելյանական համերգը նվիրված է նշանակալի իրադարձության՝ մաեստրոյի բեմական գործունեության 60-ամյակին։ Այս միջոցառումը կլինի ոչ միայն երաժշտական տոն, այլև կարևոր հանգրվան, որը արտացոլում է Գարի Քեսայանի բազմամյա ներդրումը ջազային արվեստի զարգացման մեջ։
Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, կոմպոզիտոր և ստեղնաշարային գործիքների կատարող Գարի Քեսայանը ծնվել և մեծացել է Երևանում։ 1990-ականներին նա արտագաղթել է ԱՄՆ, որտեղ շարունակել է իր ստեղծագործական գործունեությունը։ Նրա վերադարձը հայրենիք երկարատև դադարից հետո պայմանավորված էր 1998 թվականին անցկացված Առաջին երևանյան միջազգային ջազային փառատոնով։ Այդ նույն շրջանում ԱՄՆ-ում լույս է տեսել նրա առաջին ալբոմը՝ «For You»-ը, որը ճանաչում է ստացել ջազասերների շրջանում։ 2000 թվականին Գարի Քեսայանը և նրա խումբը ճանաչվել են ԱՄՆ-ի լավագույն ջազ-խումբ։

