Կա Ջոզեֆ Բորելի հանրահայտ խոսքը, թե Ն․ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում

Հակոբ Բադալյան

 «Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Հայաստանը միշտ էլ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, պարզապես դա արել է թաքուն:

Կրկնելու եմ իհարկե, բայց սա դարձյալ՝ ընդամենը քաղաքականապես անգրագետ սպառողի համար նախատեսված «թեզ» է, ոչ ավելի:

Մի պահ ենթադրենք, որ իսկապես՝ ճանաչել են, բայց թաքուն: Ամբողջ հարցն այն է, որ անգամ այդ «թաքունը» արդեն մեծ տարբերություն է, որը բերում է իրադարձությունների զարգացման եւ իրավիճակի կառավարման հիմնավորապես այլ սցենարների ու սխեմաների:

Սակայն, դրանով հանդերձ, ո՞րն է վկայությունը, ո՞ւր է ապացույցը, որ Հայաստանը Արցախը միշտ ճանաչել է Ադրբեջանի մաս, բայց «թաքուն»: Ո՞ւր է ապացույցը, կհարցնի ցանկացած տրամաբանող մարդ: Նիկոլ Փաշինյանը վերջերս հանրայնացրեց ինչ-որ թղթեր, որոնք վերաբերում էին բանակցային պրոցեսի պատմության որոշակի հատվածների: Այդտեղ որեւէ ապացույց չկար այն մասին, ինչ ասում է Փաշինյանը:

Միաժամանակ, որեւէ այլ ապացույց ներկայացված  չէ: Ըստ այդմ, տրամաբանող մարդը անում է մի պարզ հետեւություն. Նիկոլ Փաշինյանը զբաղված է տարրական մանիպուլյացիայով:

Վերջին հաշվով, կա Ջոզեֆ Բորելի՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հանձնակատարի հանրահայտ եւ հրապարակային խոսքը, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում:

Շատ «ֆանատներ» կհամարեն, որ ես հիմա զբաղված եմ հակաքարոզչությամբ: Ոչ, ընկերներ, ես զբաղված եմ հանրությանը քարոզչական մանիպուլյացիայից պաշտպանելով: Ընդամենը»: