Արթուր Ավանեսյանն «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության թիմի ղեկավարն է (տեսանյութ)
«Արթուր Ավանեսյանը ոչ միայն լեգենդ է, այլև մեր անվտանգության թիմի ղեկավար»,-տեղեկացնում է «ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
Կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ներկայացված է լեգենդար հետախույզի կենսագրությունը։
Երեկ Սամվել Կարապետյանի մշակած «Ուժեղ խաղաղություն» ծրագրի շնորհանդեսի ժամանակ նա ներկայացրեց անվտանգության խնդիրների իր առաջարկած լուծումները.
- «Ներդնել խելացի սահմաններ համալիր համակարգ՝ մարդկային գործոնի ռիսկը նվազեցնելու, սահմանների անխոցելիությունն ապահովելու համար, սահմանագծի ողջ երկայնքով արհեստական բանականության հիման վրա սենսորային ցանցերի և ինքնավար հարվածային միջոցների տեղակայում։
- Ստեղծել ռազմական հետախուզության և կանխատեսման համակարգ՝ սպառնալիքները վաղ փուլում հայտնաբերելու նպատակով։
- Զինված ուժերում միասնական կառավարման համակարգի ներդրում, որը կառավարում է օդային, ցամաքային, տեղեկատվական տիրույթների համապատասխան գործողությունները։
- Հայաստանի անկախության համար տեղական ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծումը մեզ համար գերակա նպատակ է, դա մեզ հնարավորություն է տալու նվազեցնել մեր կախվածությունն այլ երկրներից ճգնաժամային իրավիճակներում, բացի դրանից՝ ավելի խելամիտ օգտագործել պաշտպանական բյուջեն։
- Հայաստանի երկինքը լինելու է ամբողջովին պաշտպանված։ Սա մեզ համար գերակա նպատակ է։ Ցավալիորեն պատմությունը ցույց է տվել, երբ անպաշտպան է Հայաստանի երկինքը, անպաշտպան է հայ զինվորը։
Հակաօդային պաշտպանության համակարգերի՝ որսիչ դրոններ, հակաօդային հրթիռներ, խափանման մեթոդներ, կիրառմամբ Հայաստանի երկինքը կլինի պաշտպանված։
- Ինձ համար պատվի հարց է, որ մեր հասարակության մեջ վերականգնվի հայ զինվորի, հայ սպայի պատիվը»։

