Ադրբեջանը դադարեցրել է Իրանի հետ սահմանով բեռնատարների երթևեկությունը
Ադրբեջանի կառավարությունը դադարեցրել է Իրանի հետ սահմանով բեռնատար մեքենաների երթևեկությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է գործադիր մարմնի տարածած հաղորդագրությունում։
Նախարարական կաբինետը նշել է, որ որոշումը պայմանավորված է Նախիջևանի օդանավակայանի, դպրոցի և այլ շինությունների վրա հարձակումներով։
«Հաշվի առնելով իրավիճակը, որ ստեղծվել է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին հակասող հարձակումների հետևանքով, նախարարական կաբինետը որոշել է ամբողջովին դադարեցնել Ադրբեջանի և Իրանի միջև առկա բոլոր անցակետերով բեռնատար մեքենաների երթևեկությունը»,- նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը 12 ժամով փակել է նաև Իրանի հետ օդային սահմանը։
Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները մարտի 5-ին Իրանին մեղադրել էին Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ներով հարվածներ հասցնելու մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել այդ երկրում Իրանի դեսպանը, նրան բողոքի նոտա էր փոխանցվել։ Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Ադրբեջանի դեմ հարձակումն անպատասխան չի մնա»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը բերվել են թիվ մեկ պատրաստվածության մակարդակի։ Ալիևը Իրանին մեղադրել է Ադրբեջանի դեմ ահաբեկչական ակտ իրականացնելու մեջ և շեշտել, որ դրա հետ կապ ունեցող բոլոր անձինք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, իսկ Իրանը պետք է Ադրբեջանին պարզաբանումներ ներկայացնի։ Ալիևը նաև հայտարարել է, որ զինված ուժերին հանձնարարված է նախապատրաստել և իրականացնել պատասխան միջոցառումներ։
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, ինչպես նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել են Թեհրանի առնչությունը Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների գրոհին։

