Դպրոցներում և բանակում բռնությունների խնդրի լուծման գործում Փաշինյանը կարևորում է քրեական ենթամշակույթի հետ առերեսումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դպրոցներում և բանակում բռնությունների դեպքերի խնդրի լուծման համար անհրաժեշտություն է համարում քրեական ենթամշակույթի հետ առերեսումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նման համոզմունք է հայտնել ՀՀ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ։
«Քանի դեռ չենք առերեսվել քրեական և բռնության ենթամշակույթի հետ, անընդհատ դրանցով ենք լցնում երեխաներին։ Մենք տասնութ տարի նրանց լիցքավորում ենք քրեական նեգատիվ ենթամշակույթով, հետո ուղարկում բանակ։ Այնուհետև՝ գնում ենք մի լեյտենանտի, մայորի կամ գնդապետի բռնում, դատում և ասում՝ ինչու՞ չես այս խնդիրը լուծել։ Մինչև քրեական ենթամշակույթը դուրս չգա մեր միջից՝ ինձնից սկսած, մնացածով շարունակված,անընդհատ այդ խնդիրներն ունենալու ենք։Խնդիրը լուծելու համար պետք է առերեսվենք դրան»,-ասել է Փաշինյանը։

