Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին՝ վերահաստատելով Եվրամիության դիրքորոշումը, որ այս կարևոր հումանիտար հարցը պետք է լուծվի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անիտա Հիպերն այդ մասին ասել է հերթական ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Civilnet-ի հարցին։

Լրագրողը հարցրել է, թե արդյոք Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը Եվրամիության օրակարգում է, և որքանո՞վ է այդ թեման բարձրացվում Ադրբեջանի հետ շփումներում։

«Որպես ընդհանուր կետ՝ մենք աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության գործընթացում։ Մենք ցույց ենք տվել մեր աջակցությունը և մի քանի տարի կողմերի և միջազգային գործընկերների հետ աշխատել ենք, որ երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծվեն, իսկ գերիների մասով մենք հստակ ենք եղել, որ այս կարևոր հումանիտար խնդիրները պետք է լուծվեն, այդ թվում անհայտ կորածների ճակատագիրը և Ադրբեջանում պահվող հայերի հարցը»,- պատասխանել է Անիտա Հիպերը։

Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել 19 հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ Նրանց նկատմամբ Ադրբեջանում հարուցված շինծու  քրեական գործերի հիման վրա տեղի ունեցած դատավարությունների արդյունքներով կայացվել են ազատազրկման վճիռներ։

Մասնավորապես ցմահ ազատազրկման են դատապարտվել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։  20 տարվա ազատազրկման են դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ 19 տարվա ազատազրկման են դատապարտել Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը։ Դավիթ Ալլահվերդյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլի Բեգլարյանը դատապարտվել են 15, իսկ Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա ազատազրկման։