Մակրոնը կոչ է արել Իրանի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իսրայելի և Իրանի միջև պատերազմը լուրջ հետևանքներ կառաջացնի միջազգային խաղաղության և անվտանգության համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Այս վճռորոշ պահին իրականացվում են բոլոր քայլերը՝ մեր ազգային տարածքի անվտանգության, Մերձավոր Արևելքում մեր քաղաքացիների և շահերի պաշտպանության ուղղությամբ։ Ֆրանսիան պատրաստ է անհրաժեշտ ջանքերը ներդնել իր մերձավոր դաշնակիցներին պաշտպանելու համար, եթե նրանք դա ցանկանան։ Շարունակվող հակամարտությունը վտանգավոր է բոլորի համար։ Այն պետք է ավարտվի։ Իրանի ռեժիմը պետք է հասկանա, որ այլ ելք չունի, քան կամավոր մասնակցել միջուկային և բալիստիկ ծրագրերի դադարեցման շուրջ բանակցություններին, ինչպես նաև պետք է դադարեցնի տարածաշրջանն ապակայունացնող գործողությունները։ Դա միանգամայն անհրաժեշտ է Մերձավոր Արևելքում բոլորի անվտանգության համար»,- գրել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ Իրանի ժողովուրդը նաև իր ապագան ազատ կառուցելու հնարավորություն պետք է ունենա։

«Մասսայական սպանությունները, որոնք իրականացվում են իսլամական ռեժիմի կողմից, զրկում են նրան այդ հնարավորությունից։ Ֆրանսիան, հավատարիմ լինելով իր սկզբունքներին և հիմնվելով միջազգային իրավունքի վրա, կոչ է անում ՄԱԿ անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել»,- նշել է նախագահը։

Էմանուել Մակրոնը հայտնել է, որ սերտ շփումների մեջ է Մերձավոր Արևելքի և Եվրոպայի իր գործընկերների հետ։