Մարդ, որ փոխեց պատմության ընթացքը. այսօր ծնվել է «Թեհրան-43»-ի հերոսի նախատիպ, հայ լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանը

Այսօր Խորհրդային Միության հերոս, անվանի հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է՝ մարդ, որի կյանքը եղավ անմնացորդ նվիրում հայրենիքին: Նրա ողջ կյանքը գաղտնի է պահվել, նրա մասին խոսվել, անունը հայտնի է դարձել միայն 21-րդ դարի սկզբին։ Նա տարբեր երկրներում իրականացրել է հետախուզական բազմաթիվ գործողություններ, որոնց մի մասը մինչ այժմ «հույժ գաղտնի» է պահվում։

Գևորգ Վարդանյանը ծնվել է Դոնի Ռոստովում՝ հայկական ընտանիքում։ 1930 թվականին Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան, երբ Գևորգ Վարդանյանը վեց տարեկան էր։ Մայրը՝ Մարիա Սավելևնան էր, հայրը՝ Անդրեյ Վասիլի Վարդանյանը, իրանական պաշտոնյա, ձիթհանի գործարանի տնօրեն, որը կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ և հատուկ հանձնարարությամբ է մեկնում Իրան։ Հոր անմիջական ներգործությամբ որդին անցնում է հետախուզական աշխատանքի։ Գևորգ Վարդանյանը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը կապեց խորհրդային հետախուզության հետ։

Առանց Գոհար և Գևորգ Վարդանյանների՝ մեր աշխարհի պատմությունը կարող էր այլ կերպ ընթանալ

1940-ից ղեկավարել է հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստական գործակալների և գերմանացի հետախույզների բացահայտմամբ։ 1943 թվականին Թեհրանում Մեծ Եռյակի կոնֆերանսից տասնամյակներ անց միայն աշխարհն իմացավ գերտերությունների ղեկավարների անվտանգությունն ապահոված օպերացիայի որոշ մանրամասներ: 

Նրա կենսագրությունից մեզ հայտնի է 1943 թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին 19-ամյա հետախույզը (կեղծանունը՝ Անրի) պետք է ապահովեր հակահիտլերյան կոալիցիայի երկրների առաջնորդների՝ Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի անվտանգությունը: Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։ Իսկ նրա անդավաճան գործընկերն իր կինն էր՝ Գոհարը՝ Անիտա կեղծանվամբ։

Ավելի քան երեք տասնամյակ անց այս պատմությունը հիմք է դարձել «Իրական պատմություն. Թեհրան 43» ֆիլմի համար։

Հայազգի հետախույզի անունը գաղտնազերծվել է միայն 2000 թվականին։

Կենսագրական տեղեկություններ

1951 թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Հետագայում նա հետախուզական բազմաթիվ օպերացիաներ է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում։

Հայազգի հերոսն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992 թ։ Անգամ թոշակի անցնելուց հետո, Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։

Գևորգ Վարդանյանն արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։ Մահացել է 2012թ․ հունվարի 10-ին: