Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է այսօր
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը։
Լույսի ու խավարի, կյանքի ու մահվան, հավատի և ուրացման պայքար էր 451 թվականին տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտը: Հայերը կռվում էին ինքնությունը չկորցնելու համար՝ «Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն» կարգախոսով, որը մեր նշանաբանը դարձավ նաև նորօրյա պայքարում: 451 թվականին հայրենիքի, Հայ Եկեղեցու և հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են:
Հանուն ինքնության, հանուն սերունդների
«Ավարայրի ճակատամարտում հայ քաջերի օրինակը դարեր շարունակ բոցավառել է հայոց ոգին, կարևոր դաս եղել սերունդների համար: Թեև չեղավ ռազմական հաղթանակ, բայց հայերը չուրացան իրենց կրոնը, իրենց նահատակությամբ հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքն ու լինելիության իրավունքը,- նշում է Նորագավթի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Գափոյանը:
-Վարդանանց տոնը ևս մի ազդակ է, որ մեր հայրենիքը սիրենք ավելի շատ, որ առավել շատ հոգ տանենք մեր երկրի մասին: Հայրենասիրությունը սկսվում է ոչ միայն պատերազմի դաշտից, այլև կարգապահությունից, մաքրությունից, հայրենիքը, մեր սրբությունները պաշտպանելուց: Վարդանանց ոգին մեզ թելադրում է լինել շարունակողը հայրենի ժառանգության պահպանության և պաշտպանության»։
Առավել մանրամասն՝ այստեղ:

