Աշխարհը տեսնում է ձևական խաղաղության լույսը, բայց իրականությունը պարզ է և հստակ՝ մեզ ճնշում են, մեր պատմությունը լռեցնում. Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը https://www.facebook.com/nzdeh.iskandaryan/posts/pfbid02Zoc5PdwDjqFvGCJExHECVmfUFNi3XbRzvPRF7DMEHdRB7CUuG2PkVnGQRn4oaU17l անդրադառնալով Բաքվի դատարանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատավճիռներին»՝ գրել է․
Երեկ Աբու Դաբիում մի բացառիկ միջոցառում տեղի ունեցավ։ Փաշինյանն ու Ալիևը՝ խաղաղության հաստատման և տարածաշրջանային խաղաղ օրակարգի առաջմղման համար, ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ միջազգային ղեկավարներ և պատվավոր հյուրեր։ Լուսավոր դահլիճ, ժպիտներ, շքեղ ելույթներ՝ ամեն ինչ տոնական ու գեղեցիկ էր։
Այսօր Բաքվում դատում են Արցախի նախկին նախագահներին ու ռազմաքաղաքական ղեկավարներին: Իրականությունը կտրուկ հակառակ է տոնական տեսարանի հետ. ոչ մի արդարություն չկա, միայն դատարկ ձևականություն, և այս ամենի ծանրությունը անտանելի է:
Աշխարհը տեսնում է ձևական խաղաղության լույսը, բայց իրականությունը պարզ է և հստակ՝ մեզ ճնշում են, մեր պատմությունը լռեցնում են, իսկ ճշմարտությունը փորձում են փոխարինել ստով ու ձևականությամբ:
Մարդիկ, որոնց պաշտոններն ու անունները կապված են Արցախի ու արցախցիների, մեր ժողովրդի պատմության հետ, գտնվում են դատարաններում՝ ենթարկվելով քաղաքական պարսավանքի և մեղադրանքների։
Բոլոր պատանդները պետք է անմիջապես ազատ արձակվեն»։
Հիշեցնենք, որ այսօր Բաքվի դատարանը հրապարակել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատավճիռները». Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյանը և Արայիկ Հարությունյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման, ևս 8 պատանդներ 15-19 տարվա ազատազրկման են դատապարտվել։

