Կառավարությունը հաստատեց Սևանի սիգի արդյունագործական որսի 550 տոննա չափաքանակը՝ կգ-ը 200 դրամով
«Որոշումով 2026 թվականի համար նախատեսվում է սահմանել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի 550 տոննա չափաքանակ»,-կառավարության նիստին ասել է ՇՄ նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ զեկուցելով 2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին որոշման նախագիծը:
Նա հայտնեց, որ որսի իրականացման ժամկետը սահմանվում է փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը։
Փոխնախարարի խոսքով, որոշման մշակման համար հիմք են հանդիսացել 2025-ին ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած՝ Սևանա լճում ձկան պաշարների հաշվառման տվյալները, ըստ որոնց՝ 2025-ի տարեվերջին լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591,8 տոննա, որից արդյունագործական ամբողջ պաշարը կազմել է 1373,9 տոննա:
Մկրտչյանը նաև նշեց, որ ԳԱԱ գիտական կենտրոնը 2026-ի ամռանը կիրականացնի ուսումնասիրությունների երկրորդ փուլը, որի հիման վրա աշնանային որսաշրջանի համար կսահմանվի հավելյալ չափաքանակ:
Ըստ Հարկային օրենսգրքի փոփոխությունների՝ 2026-ի սիգ ձկնատեսակի համար բնօգտագործման վճարը 1 կգ-ի դիմաց սահմանվել է 200 դրամ նախկին 65 դրամի փոխարեն և այդ վճարները կվճարվեն ոչ թե փաստացի օգտագործված ծավալի, այլ տրամադրված չափաքանակի համար:
Ներկայացնելով նախորդ տարիների վիճակագրությունը՝ ՇՄՆ փոխնախարարն ասաց.
«2025-ին սահմանել ենք 1123 տոննա որսի թույլատրելի չափաքանակ երեք փուլով. 1-ին փուլում՝ 314 տոննա, երկրորդ փուլում՝ 189 տոննա, 3-րդ փուլում՝ 620 տոննա: Փաստացի որսվել է 1103 տոննա, վճարվել է շուրջ 72,5 մլն դրամ բնօգտագործման վճար:
2024-ին ընդհանուր չափաքանակը կազմել է 679 տոննա երկրու փուլով՝ 257 և 422: Փաստացի որսվել է 652,5 տոննա, վճարվել՝ 44,1 մլն դրամ բնօգտագործման վճար:
2023-ին սահմանվել է ընդհանուր 600 տոննա չափաքանակ երկու փուլով, յուրաքանչյուր փուլում՝ 300 տոննա: Փաստացի որսվել է 366,1 տոննա, վճարվել՝ 25,4 մլն դրամ բնօգտագործման վճար»:
Արա Մկրտչյանը վստահեցրեց, որ տարիների ընթացքում որսի սահմանաչափերի, փաստացի որսված ձկան չափաքանակների, ինչպես նաև վճարված բնօգտագործման վճարի մասով աճ է նկատվել և առաջարկեց հաստատել որոշումը՝ նաև տեղեկացնելով, որ այլ ընկերություններ նույնպես ձկան պաշարների ուսումնասիրություն են իրականացրել:

