Նրանց ճակատագիրը ոչ միայն անձնական ողբերգություն է, այլև Հայաստանի ողջ ժողովրդի արժանապատվության հարց. Սերգեյ Շահվերդյան
Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը գրում է.
«Արցախի Հանրապետության ռազմական-քաղաքական ղեկավարությունը Ադրբեջանի «դատարանի» կողմից դատապարտվել է ցմահ կամ 20 տարվա ազատազրկման: Նման որոշումը ներկա իրականությունում կանխատեսելի էր, բայց ոչ նման անարդար ու դաժան:
Նման չոր տողերի հետևում կան մարդկանց ճակատագրեր, տարիներ ծառայություն իրենց ժողովրդին, իրենց ընտանիքները, երեխաները, հարազատները: Սա պարզապես թվեր չեն արձանագրության մեջ, այլ մարդկային կյանքեր են, որոնք դարձել են քաղաքական վրեժի գերիներ:
Այսօր հատկապես մեծ է Հայաստանի Հանրապետության պատասխանատվությունը՝ որպես պետություն, որը պետք է ամեն հնարավոր բան անի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունն ապահովելու, նրանց ազատությունը վերականգնելու և տուն վերադարձնելու համար: Նրանց ճակատագիրը ոչ միայն անձնական ողբերգություն է, այլ Հայաստանի ողջ ժողովրդի արժանապատվության հարց: Ուժ և համբերություն մեր ընկերներին ու գործընկերներին, նրանց հարազատներին և բոլորին, ովքեր անցնում են այս ծանր ցավը։ Մենք հավատում ենք արդարությանը։ Մենք հիշում ենք յուրաքանչյուրին։ Ու հույսը երբեք մեզ չի լքի»:

