Անի Կարապետյանի գործով կայացրել է արդարացման վերդիկտ
Դատարանը, Ժ. Չիչոյանի նախագահությամբ, Անի Կարապետյանի գործով կայացրել է արդարացման վերդիկտ: Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Ավելի ուշ հասարակական ակտիվ գործիչ Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է պատմել գործից.
«Շուրջ երկու տարի ձգվող դատական գործը այսօր մոտեցավ իր ավարտին։ Դատարանը՝ Ժորա Չիչոյանի նախագահությամբ, ընդունեց արդարացման վերդիկտ իմ նկատմամբ։
Գործը հարուցվել էր 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի հանձման օրերին, մի ժամանակահատվածում, երբ ես գտնվում էի հղիությանս վերջին ամիսներում։ Դա իմ կյանքի ամենածանր փուլերից մեկն էր․ ազգային ողբերգությունը համընկել էր անձնական ցավի, անորոշության և ներքին փլուզման հետ։
Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունից հետո, ինձ համար անսպասելիորեն, առաջին զանգը ստացա «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանից։ Ասում եմ՝ անսպասելի, քանի որ նախկինում որևէ առնչություն կամ շփում չենք ունեցել։ Նրա խոսքերը մինչ օրս հիշում եմ բառացի․
«Անի ջան, դու մենակ չես, մենք քո կողքին ենք մինչև վերջ, ոչ մի պարագայում չկնճվես»։
Այդ պահին դրանք ինձ համար շատ անհրաժեշտ խոսքեր էին։ Զարմացած էի նաև այն պատճառով, որ ընդդիմադիր դաշտում գրեթե բոլորի հետ այս կամ այն գործընթացում առնչվել եմ, իմ համեստ ներդրումն եմ ունեցել որոշ պրոցեսներում, բայց առաջին զանգը ստանում եմ Արթուր Վանեցյանից։
Արթուր Վանեցյանի զանգին հաջորդեց Բաբայան Արսենի զանգը, ով պատրաստակամություն հայտնեց զբաղվել իմ գործով։ Նրա հետ նույնպես մինչ այդ որևէ առնչություն չէի ունեցել։
Այսօր ուզում եմ իմ խորին շնորհակալությունս հայտնել Արթուր Վանեցյանին՝ աջակցության, պատրաստակամության և ինձ համար ամենածանր պահին կարեւոր զանգի ու տեղին խոսքերի համար։
Հոգաչափ շնորհակալ եմ նաեւ փաստաբան Բաբայան Արսենին՝ պրոֆեսիոնալ աշխատանքի, սրտացավ վերաբերմունքի եւ այսօրվա արդարության վերդիկտի համար։
Ու վերջում` ազատություն եմ մաղթում բոլոր քաղբանտարկյալներին եւ հետայսու էլ ավելի մեծ եռանդով եմ պայքարելու նրանց ազատության համար»։

