Կառավարությունը նախատեսում է 2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 18

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել 2026 թվա­կանի ապրիլի 18-ը` շաբաթ օր: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության կայքէջում հրապարակված համապատասխան որոշման նախագծից, որն ընդգրկվել է հունվարի 29-ին նախատեսվող նիստի  օրակարգում։

«Ակտիվորեն ներգրավված լինելով Եվրոպական քաղաքական համայնքում (ԵՔՀ) և կարևոր դեր խաղալով տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը: Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը (նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով)՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Նշվում է, որ նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:

Նախագիծը պատրաստվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից: