Թուրքիան պատրաստվում է իրանցի փախստականների հնարավոր ներգաղթին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություններ է փոխանցել պատգամավորներին՝ Իրանում, Սիրիայում և Մերձավոր Արևելքի մյուս երկրներում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամներին ներկայացված փակ զեկույցում նշվել է, որ Թուրքիան դրական չի վերաբերվում տարածաշրջանի երկրներում հնարավոր արտաքին միջամտություններին և ռեգիոնի կայունության խաթարմանը։

Ըստ «Türkiye Gazetesi» պաշտոնաթերթի՝ ԱՄՆ-ի կողմից Իրանում հնարավոր ռազմական միջամտությունը կարող է փախստականների նոր և զանգվածային հոսքի հանգեցնել։ Հետևաբար Թուրքիան պատրաստվում է այդ սցենարին:

«Մենք, որպես Թուրքիա, ցանկացած իրավիճակին համապատասխան նախապատրաստություններ ենք իրականացնում: Պատրաստում ենք A, B և C ծրագրեր»:

Բացի այդ, ընդգծվում է, որ Թուրքիան անհրաժեշտ է համարում արտագաղթել ցանկացող իրանցիներին Իրանի տարածքում պահելու համար ստեղծել բուֆերային գոտի սահմանին: