Պատերազմ, որը դեռ շարունակվում ու շարունակվելու է. այն կամ կավարտվի Ռուսաստանի հաղթանակով, կամ կվերածվի Երրորդ համաշխարհայինի. 2

Միջուկային սպառազինության լայնամասշտաբ կիրառմամբ

 

Սկիզբը՝ այստեղ

Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ Վլադիմիր Զելենսկին հենց ինքն է հաստատել՝ համաձայնություն ձեռք չի բերվելու և, հետևաբար, պատերազմը շարունակվելու է:

«Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում շատ խնդրահարույց հարցեր կան, Կիևը «ոչ մի դեպքում» չի հրաժարվի տարածքի նկատմամբ հավակնություններից»,- РБК-ի փոխանցմամբ , ասել է Զելենսկին և վերահաստատել է առանցքային՝ տարածքային հարցի վերաբերյալ իր դիրքորոշման անփոփոխությունը։

Մինչդեռ, Կրեմլը բազմիցս նշել է, որ հիմնական թեման հենց այդ թեման է: Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահն ավելի վաղ արդեն ընդգծել էր, որ Կիևը չի համաձայնի խաղաղության այն համաձայնագրերին, որոնք Ուկրաինային չեն ապահովի երկարաժամկետ և իրավաբանորեն ամրագրված անվտանգության երաշխիքներով:

Մեկնաբանելով Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները, Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ, այսպես կոչված, «Անքորիջի բանաձևի» շրջանակներում տարածքային հարցը սկզբունքային նշանակություն ունի Ռուսաստանի համար:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, դա մեր հետևողական դիրքորոշումն է, մեր նախագահի դիրքորոշումն է, որ տարածքային հարցը, որը «Անքորիջի բանաձևի» մաս է կազմում, այն, իհարկե, սկզբունքային նշանակություն ունի ռուսական կողմի համար»,- այսօր ասել է Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում:

Ըստ «РБК-Украина»-ի հրապարակման, Աբու Դաբիում հունվարի 23-ին և 24-ին կայացած բանակցություններում «առաջընթաց է գրանցվել ռազմական բլոկում». «Կողմերը, մասնավորապես, դիտարկել են ուժերը միմյանցից հեռացնելու հնարավոր տարբերակները և լռության ռեժիմի պահպանման մոնիթորինգի մոտեցումները։ Բացի այդ, քննարկվել է հրադադարի վերահսկման և համակարգման կենտրոնի ստեղծումը, ինչպես նաև ընդհանուր չափանիշների մշակումը, թե ինչը համարել հրադադարի ռեժիմի սկիզբ և դրա խախտում»:

Ահա, պարզվում է, սա է եղած «դրականը», կարճ ասած՝ ջուրծեծոցի, որովհետև այս հարցերի շուրջ որևէ վերջնական պայմանավորվածություն, համաձայնություն չի լինելու, քանի դեռ կողմերը համաձայնության չեն եկել հակամարտության հիմնական խնդիրների շուրջ: ՌԴ քաղաքական տեղեկատվության կենտրոնի փոխտնօրեն, քաղաքագետ Անաստասիա Գաֆարովան ևս նշել է, որ Աբու Դաբիում ոչ մի բեկումնային բան չի եղել։

«Ըստ ամենայնի, քննարկվել են հարցեր, որոնք արդիական կլինեն քաղաքական համաձայնության հասնելուց հետո, որը դեռ չկա, քանի որ չկա Ուկրաինայի համաձայնությունը առանցքային հարցի շուրջ՝ Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը մի շարք տարածքներից»,- «Газета.Ру»-ի տեղեկացմամբ, ասել է Գաֆարովան։

Նրա հավաստմամբ, ակնհայտ է, որ եռակողմ հանդիպմանը Միացյալ Նահանգների մասնակցությունը փոխել է խաղի կանոնները, Վաշինգտոնն այդպիսով անուղղակիորեն ընդունել է հակամարտության մեջ իր ուղղակի ներգրավվածության փաստը:

«Ամերիկյան կողմը և, առաջին հերթին, ինքը՝ Թրամփը, երկար ժամանակ հույս ունեին, որ գլխավոր խնդիրը Ուկրաինային և Ռուսաստանին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելն է, և այնտեղ նրանք ամեն ինչի մասին կպայմանավորվեն,- «Газетой.Ru»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետը:- Դա մասամբ փորձ էր ԱՄՆ – ին հակամարտությանն անհաղորդ ներկայացնելու, բայց ստացվեց ճիշտ հակառակը»:

Մյուս կողմից, եռակողմ բանակցությունները կարող են բանակցային գործընթացը ձգձգելու փորձ լինել ոչ միայն Ուկրաինայի, այլև Միացյալ Նահանգների կողմից: Նման կարծիքով «Газетой.Ru»-ի հետ կիսվել է  քաղաքագետ, ամերիկագետ Ռաֆայել Օրդուխանյանը։

«Ես չեմ բացառում, որ ամերիկյան և Ուկրաինական կողմերի միջև որոշակի դավադրություն կա բանակցային գործընթացը ձգձգելու համար,- ասել քաղաքագետը։- Վաշինգտոնը կարող էր դրան գնալ գլոբալիստների, այսինքն՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի ֆինանսական օլիգարխների ճնշման ներքո։ Ամենայն հավանականությամբ, գործարքը հետևյալն է. գլոբալիստները նվազեցնում են իրենց ակտիվությունն ԱՄՆ-ի ներսում, իսկ Նահանգներն իրենց հերթին շեղում են Ռուսաստանին՝ ներքաշելով անվերջ բանակցային գործընթացի մեջ»:

«Politico» պարբերականը հայտնել է, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտներից մեկը դարձել են հետպատերազմյան ցանկացած սցենարում Ուկրաինայի համար անվտանգության արևմտյան երաշխիքները և բանակցային գործընթացին Եվրոպայի մասնակցությունը:

«Եվրոպական երկրները շարունակում են պնդել, որ Ուկրաինայում ոչ մեծ զորախումբ տեղակայվի՝ հրադադարի ռեժիմը դիտարկելու համար,- նշված է «Politico-ի հրապարակման մեջ։- Վաշինգտոնն, իր հերթին, հասկացրել է, որ զորքեր չի տեղակայելու, բայց կարող է արբանյակային և հետախուզական աջակցություն ցուցաբերել»:

ՌԴ ԱԳՆ-ում նախազգուշացրել են Ուկրաինայում Արևմուտքի նոր միջամտության մասին ու պատմել, թե Ռուսաստանն ինչպես է վերաբերվելու այնտեղ օտարերկրյա զինվորականների տեղակայմանը։

«Ուկրաինայի տարածքում արևմտյան զորամիավորումների, պահեստների և այլ ենթակառուցվածքների տեղակայումն անընդունելի է և որակվելու է որպես օտարերկրյա ինտերվենցիա»,- Ura.ru-ի փոխանցմամբ , հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների Երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը և ընդգծել, որ Ուկրաինայում օտարերկրյա բոլոր ռազմական օբյեկտները կդառնան ՌԴ ԶՈւ օրինական ռազմական թիրախ:

Դա հասկանում են նաև որոշ եվրոպացիներ։ Գերմանական «Die Welt» հեռուստաալիքի թղթակից Քրիստոֆ Վաններն, ով աշխատում է Կիևում, ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայում արևմտյան  զորքերի տեղակայումն առիթ կդառնա ռուսական «Орешник» համալիրի կիրառման համար:

ԵՄ մի շարք երկրներում և ԱՄՆ-ում ինտենսիվ քննարկում է ծավալվել Ուկրաինա բազմազգ զորախումբ մտցնելու շուրջ։ Օրինակ, Բրիտանիան որոշել է, որ իրենց զորքերը կուղարկեն Կիև՝ հրադադարի ձեռքբերումից հետո «զսպող գործողություններին» մասնակցելու համար: Միայն սա արդեն իսկ նշանակում է հրադադարին ՌԴ համաձայնության բացակայություն ու հրադադարի բացառում:

Հայտնի ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը նշել է Աբու Դաբիի բանակցություններում երեք հիմնական կետերի շուրջ տարաձայնությունների մասին: Ըստ նրա, այդ մասին են վկայում Ուկրաինական և ամերիկյան կողմերից տեղեկատվության բազմաթիվ արտահոսքերը: Հավելենք՝ նաև ռուսական կողմից:

Ռազմական թղթակցի խոսքով՝ Կիևը վճռականորեն հրաժարվել է քննարկել իր զորքերի դուրսբերումն այն տարածքներից, որոնք Մոսկվան համարում է իրենը, ինչպես նաև պնդում է հատուկ դեր ունենալ Եվրոպայի խոշորագույն ատոմակայանի՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի կառավարման գործում:

«Այդ կետին է վերաբերում նաև Զապորոժիեի ԱԷԿ-ի նկատմամբ վերահսկողությունը,- «Комсомольская правда»-ի տեղեկացմամբ, ասել է Կոցը:- Կիևը քնում ու տեսնում է՝ կառավարում է կայանն ամերիկացիների հետ զույգո»:

Այսպիսով Ռուսաստանը, ըստ Կիևի դիրքորոշման, ոչ միայն պետք է հրաժարվի Զապորոժիեի մնացած, այսինքն՝ այժմ դեռ Ուկրաինայի ԶՈւ վերահսկողության ներքո գտնվող մասից, այլև մարզի մի մասը, որի վրա գտնվում են ԶԱԷԿ-ը, նրա հետ կապված կոմունիկացիաները, ատոմակայանի ողջ ենթակառուցվածքը, պետք է վերադարձնի Ուկրաինային: Է՞, Մոսկվան կգնա՞ այդ քայլին… Իհարկե՛ ոչ:

Ռազմական թղթակիցը հավելել է, որ անվտանգության ոլորտում բանակցությունների մասնակիցները նույնպես չեն կարողացել համաձայնեցնել միասնական մոտեցում:

Կոցի տեղեկատվության համաձայն՝ արևմտյան ԶԼՄ-ներում անվտանգության երաշխիքների շուրջ վեճը նկարագրվում է որպես շահերի բախում եվրոպական երկրների և ԱՄՆ-ի միջև: Եվրոպան, նրա խոսքով, պնդում է Կիևի նկատմամբ ավելի կոշտ և ֆորմալացված պարտավորությունների վրա։ Ամերիկյան կողմը, ըստ արտահոսքի, ձգտում է մանևրելու համար ավելի շատ տեղ թողնել։

«Երրորդ առանցքային տարաձայնությունն Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակն է»,- պարզաբանել է Կոցը:

Ռազմական թղթակցի հայտնած այս տեղեկությունը վկայում է, որ Զելենսկին դեռ չի հրաժարվել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության գաղափարից, մինչդեռ Մոսկվան վճռականորեն մերժում է այս կամ այն ռազմական դաշինքում Ուկրաինայի ընդգրկվելը:

 

Արթուր Հովհաննիսյան