ԱՄՆ-ը կարող է հարվածներ հասցնել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին արդեն այս շաբաթ. Middle East Eye
ԱՄՆ-ն նախատեսում է թիրախային հարվածներ հասցնել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին և հրամանատարներին, որոնց Վաշինգտոնը պատասխանատու է համարում Իրանում բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարների մահվան համար, հաղորդել է Middle East Eye-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին։
Լրատվական կայքի զրուցակցի խոսքով՝ հարվածները կարող են տեղի ունենալ արդեն այս շաբաթ։ Սակայն ժամկետները կարող են փոխվել, նշել է նա։
ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակիցը MEE-ին ասել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի ներսում տեղի ունեցած զրույցների հիման վրա կարելի է եզրակացնել, որ Դոնալդ Թրամփը չի հրաժարվել Թեհրանում «ռեժիմի փոփոխության» ցանկությունից։
Ավելի վաղ Axios-ի հարցազրույցում Թրամփը հայտնել էր, որ Թեհրանը հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ վեճերի դիվանագիտական լուծմամբ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ առաջնորդն ընդգծել է, որ զգալի ուժեր է կուտակել Իրանի մոտակայքում։
«Մենք Իրանի մոտակայքում մեծ նավատորմ ունենք։ Այն ավելի մեծ է, քան Վենեսուելայի մոտ գտնվողը»,- ասել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, Axios-ը, հղում կատարելով աղբյուրներին, հաղորդել է, որ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանին հարվածելու վերաբերյալ։ Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ նախագահը նախատեսում է համապատասխան խորհրդակցություններ անցկացնել այս շաբաթ։

