ՃՏՊ-ներ Երևան-Գյումրի ճանապարհին․ բախվել է 15 տրանսպորտային միջոց․Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն այսօր ժամը 11։10-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-55-րդ կմ-երի հատվածում տեղի են ունեցել ՃՏՊ-ներ․ բախվել է ընդհանուր 15 տրանսպորտային միջոց։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ 2 քաղաքացու դուրս են բերել «Ford» մակնիշի ավտոմեքենաներից, մոտեցրել շտապօգնության մեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Դավիթ Մանուկյանը տեսանյութ էր հրապարակել և գրել․
«Գյումրի-Երևան ավտոմայրուղին, Կաքավաձոր գյուղի խաչմերուկի հատվածում ամբողջությամբ փակ է։
Ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց է, տասնյակ մեքենաներ են բախվել իրար»։

