Թրամփը սպառնացել է ամբողջ Իրանը ջնջել երկրի երեսից, լարվածությունը գնալով մեծանում է. 2

Սկիզբը՝ այստեղ

Իրանին ամերիկյան հարվածի հավանականությունը կմեծանա տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացումից հետո. այս մասին «Bloomberg»-ին պատմել են «Eurasia Group»-ի վերլուծաբանները: Առաջիկայում «USS Abraham Lincoln» ավիակրի գլխավորությամբ այնտեղ կհասնի ամերիկյան ավիակիր հարվածային խումբը։

«Fox News»-ը, հղում անելով ռազմական աղբյուրներին, հայտնել է, որ առաջիկա օրերին և շաբաթներին տարածաշրջան կժամանեն ամերիկյան ռազմական ուժեր՝ օդով, ցամաքով և ծովով, որպեսզի հնարավորություն ընձեռեն Թրամփին, եթե վերջինս որոշի հարվածներ հասցնել Իրանին:

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական հզորության աճը շարունակվում է։ Ըստ «The War Zone» (TWZ) առցանց պարբերականի, դա Թրամփի վարչակազմին հնարավորություն է տալիս Իրանին մոտ ժամանակներս հարվածներ հասցնելու համար: Համաձայն նույն հրապարակման, «USS Abraham Lincoln» ավիակիր հարվածային խումբն անցել է Մալաքայի նեղուցով և շրջվել դեպի արևմուտք, Բենգալյան ծոցի կողմ: Դրանից հետո նավերի վրա անջատվել են տրանսփոնդերները:

Բացի վերոնշյալից, Մերձավոր Արևելք, ըստ հոդվածի, տեղափոխվում են լրացուցիչ մարտական և բեռնատար ինքնաթիռներ, ինչպես նաև լիցքավորող ինքնաթիռներ: Առցանց թրեքերների տվյալներով ՝ «F-15E Strike Eagles» կործանիչները «KC-135 Stratotanker» լցավորող ինքնաթիռների ուղեկցությամբ Բրիտանական Լեյքենհիտից ուղևորվել են Մերձավոր Արևելք: ԱՄՆ-ի Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) երեքշաբթի հրապարակել է Մերձավոր Արևելքում F-15E -ի վայրէջքի լուսանկարները:

Այս կործանիչները, ինչպես նշել է TWZ-ն, հիմնական զենքն են Մերձավոր Արևելքում և տասը տարի գրեթե մշտապես առկա են Հորդանանում: Նրանք կարևոր դեր են խաղացել Իսրայելին իրանական անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների բազմաթիվ հարձակումներից պաշտպանելու գործում:

Պարբերականը հայտնել է նաև Մերձավոր Արևելք ուղևորվող «C-17 Globemaster III» բեռնատար ինքնաթիռների քանակի ավելացման մասին: Իրանի դեմ ցանկացած գործողություն կպահանջի հակաօդային պաշտպանության համակարգերի, նյութական միջոցների և զորքերի տեղափոխում ու կենտրոնացում: CENTCOM-ն X սոցցանցի իր էջում օրերս տեղադրել է EAGLS հակահրթիռային համալիրի լուսանկարը, որը բերվել է տարածաշրջան:

Ավելին. Պենտագոնը Մերձավոր Արևելք է տեղափոխել նաև «M1 Abrams» տանկեր ու «M2 Bradley» մարտական մեքենաներ։ Թեև, ինչպես ընդգծել է TWZ-ն, պարզ չէ, թե նրանք արդյոք կմասնակցե՞ն Իրանի դեմ հնարավոր գործողությանը: Պարբերականն ընդգծել է, որ ամբողջ աշխարհը քարացել է Մերձավոր Արևելքում «առաջին կրակոցի» սպասմամբ։

«Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե վաղն ինչ կբերի Իրանին, բայց մի բան պարզ է՝ ինչ էլ որ պատահի, Իրանն այլ կերպ կդառնա»,- օրերս ցինիկաբար իր երազանքն է արտահայտել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն։

Ըստ «The Wall Street Journal»-ի հրապարակման, ԱՄՆ-ի նախագահը կարող էր հետաձգել Իրանին հարվածը, քանի դեռ Մերձավոր Արևելք բավարար ռազմական ուժեր չեն տեղափոխվել: Փորձագետների կարծիքով, Իրանին ամերիկյան հարվածի հավանականությունը 2026թ. առաջին կիսամյակում բարձր կմնա:

Սպիտակ տանը նշել են, որ ռազմական սցենարը հնարավորներից միայն մեկն է։  Նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտարարել է, որ ավիահարվածները նախագահի կողմից դիտարկվող «շատ ու շատ տարբերակների» շարքում են: Ինքը՝ Դոնալդ Թրամփը, իրանցի ցուցարարներին ավելի վաղ խոստացել է, որ «օգնությունն արդեն ճանապարհին է»։

Իսրայելական և ամերիկյան շահագրգիռ վերլուծաբանների կարծիքով, «Իրանն ի վիճակի չէ վերացնել բողոքի ցույցերի արմատական պատճառները», ինչը կարող է հանգեցնել խռովությունների վերսկսմանը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին  «սպառնալիքների և ռազմական ուժի կիրառման նոր պատրվակ» տալ: Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ- ն կհետևի Իրանին, նախքան ռազմական գործողությունների վերաբերյալ հետագա որոշումներ կայացնելը:

Հենց այստեղ հարկ է նշել, որ իսրայելական և ամերիկյան շահագրգիռ վերլուծաբանները և ԶԼՄ-ները նպատակ ունենալով սրել Իրանի իշխանությունների նկատմամբ տեղի բնակչության ընդդիմադիր հատվածի և Իրանից դուրս արևմտյան հասարակությունների դժգոհությունը, Իրանում գունավոր հեղափոխության փորձի և խժդժությունների հետևանքով զոհերի թիվը գրեթե երկու անգամ ուռճացված են ներկայացրել՝ շուրջ 5000, որից մոտ 500-ը՝ ուժայիններից, մինչդեռ Իրանի պաշտոնական աղբյուրներից ստացված թարմ տեղեկատվության  համաձայն, իրականում զոհվել է 3117 հոգի:

Կարող է հարց առաջանալ՝ իսկ միջազգային արենայում, աշխարհաքաղաքական հարցերում իրենց դաշնակից Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը կանխելու համար ի՞նչ են անում Ռուսաստանը և Չինաստանը թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումներով: Նրանք, իհարկե, անտարբեր չեն, կատարել ու կատարում են որոշակի քայլեր, թեև, հեղինակիս համոզմամբ, ավելի կոշտ ու վճռական միջոցների դիմելու անհրաժեշտություն կա: Շատ կուզենայի այս հարցում սխալված լինել, և այն ամենը, ինչ արել և անում են Ռուսաստանը և Չինաստանը, բավարար լինեն Իրանին ամերիկյան հարվածը կանխելու համար: Այս ամենի մասին՝ առաջիկայում մեկ այլ հրապարակմամբ:

 

Արթուր Հովհաննիսյան