Խիզախ քայլ ենք արել, հանրությունը չպետք է զայրանա պարգևավճարներից․ ֆիննախ

«Պետական պաշտոնյաների աշխատավարձը վերջին 5-6 տարիներին, մեծ հաշվով չի փոխվել: 1-2 տարի առաջ քննարկում է եղել, որ պետք է ինչ-որ բան անել, որովհետև որակյալ մասնագետներին, որոնք մեծ հաջողության են հասել, մասնավոր հատվածում բարձր աշխատավարձ են ստանում, պետական համակարգ ներգրավելը հեշտ չէ: Դրա  պատճառներից մեկն աշխատավարձն է»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, քաղաքական կամ հանրային գործունեությամբ զբաղվող մարդիկ շատ ավելի խոցելի են, և պետք է նրանց մի փոքր ավելի բարձր վճարել:

«Քննարկումների ժամանակ իմ դիրքորոշումը եղել է այն, որ ուղղակի բարձրացնել նախարարների, փոխնախարարների կամ ղեկավար անձնակազմի աշխատավարձը՝  այդքան ճիշտ չէ, և պետք է ներդնել մի համակարգ, որտեղ կկարողանանք որոշ թիրախներ դնել և այդ թիրախների գնահատման արդյունքով տրամադրել այդ աշխատավարձը»,-ասել է նա, հավելելով, որ այդ մեթոդով աշխատավարձի բարձրացումը բոլորի համար միևնույն ձևով չի լինի, այսինքն՝ ովքեր կունենան ավելի լավ կատարողական, նրանց համար կլինի մի փոքր ավելի բարձր, մյուսների համար՝ մի փոքր պակաս:

«Այդ գնահատման հիման վրա տեղի ունեցավ այս պիլոտային, չէի ասի պարգևավճարը, որովհետև, ըստ էության, դա աշխատավարձի բարձրացումն էր, մի փոքր այլ եղանակով»,-ընդգծել է նա։

Հովհաննիսյանը, պատասխանելով լրագրողի հարցին, նշել է, որ սա խիզախ քայլ է:

«Նախկինում այսպիսի թեմա գոյություն չուներ, որովհետև ավելի հեշտ էր, օրինակ, ինչ-որ մեկը գար, ինչ-որ մարդկանց կանխիկ փող բաժաներ, դրանով ընդհանրապես այս թեման չլիներ, ոչ մեկն էլ պարգևավճար չստանար, և դա շահարկման թեմա չդառնար:  Հիմա մենք գնացել ենք այն ճանապարհով, որ պետք է ամեն ինչ թափանցիկ և հասկանալի լինի:

Ես կարծում եմ, որ մեր հանրությունը պետք է, եթե չասեմ գոհ լինի, ապա առնվազն չզայրանա սրանից, որովհետև մենք հավելյալ 300 միլիարդ հարկ ենք հավաքել»,-նշել է ֆինանսների նախարարը: