Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի 2026 թ. ատեստավորման գործընթացը
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 12-ին մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի 2026 թվականի ատեստավորման գործընթացը։
«Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
»Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հետ հետևել ենք ատեստավորման շարային և ֆիզիկական պատրաստության քննական գործընթացին»,-տեղեկացրել է Պապիկյանը:
Քննաշրջանի առաջին օրը ատեստավորման գործընթացին ներգրավված բարձրաստիճան սպաները քննություններ են հանձնել շարային և մասնագիտական պատրաստություն առարկաներից, ձգումներ պտտաձողի վրա և վազք 100 մետր վարժաձևերից։
Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրավված զինծառայողներին՝ նախարարը կարևորել է բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը գործընթացին՝ ընդգծելով, որ հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները պատրաստության իրենց աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին։

