Կառավարությունը հերթական արտոնությունը տվեց Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությանը

Կառավարությունն ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «ԼԵՔՍ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ընկերությանը մոտ 2 մլրդ դրամ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց։ Նախագիծն ընդգրկված էր Կառավարության այսօրվա նիստի օրակարգում որպես չզեկուցվող։ 

Ըստ հիմնավորման՝ արտոնություն տրամադրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի համար մաքսատուրքից ազատվելու հնարավորությամբ: 

Ընկերությունն իր ծրագիրը իրականացնում է Երևանում, և նախագծի հիմնավորմամբ՝ «ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 324 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 43 մլրդ դրամի կապիտալ ներդրում»: Ներկայում գործում է 258 աշխատատեղ՝ «311 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով», իսկ մինչև 2028 թվականը «նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 333-ի՝ 390 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով»: 

Նախագծի հիմնավորման մեջ նաև նշվում է, որ «արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար», ինչպես նաև կօգնի «մշակող արդյունաբերության տեխնիկական հագեցվածության բարձրացմանը»:

Ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը «չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ դրանք չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին»: