«Չափազանծ երկար ժամանակ Ադրբեջանին թույլատրվում է անպատժելիությամբ ապակայունացնել Հարավային Կովկասը»․ Փելոնը հայանպաստ օրինագիծ է ներկայացրել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը մուտք է արվել «Հայաստանի հետ անվտանգային գործընկերության ակտ» անունը կրող օրինագիծը։
Օրինագիծը համահեղինակել են Ներկայացուցիչների տանը Նյու Ջերսիի 6-րդ ընտրատարածքը ներկայացնող դեմոկրատ Ֆրենկ Փելոնը և Ֆլորիդայի 12-րդ ընտրատարածքը ներկայացնող հանրապետական Գուս Բիլիրակիսը։ Նրանց հետ օրինագիծը ներկայացրել են ևս վեց կոնգրեսականներ, ընդ որում՝ թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական։ Այս մասին հայտնում են Փելոնի գրասենյակից։
Չորս ակնկալիք Ադրբեջանից
Մասնավորաբար, «Հայաստանի հետ անվտանգային գործընկերության ակտ»-ը ԱՄՆ նախագահին պարտավորեցնում է Կոնգրեսին տեղեկացնել, երբ Ադրբեջանը «զգալի քայլեր» ձեռնարկած կլինի ներքոգրյալի ուղղությամբ․
ա/ Հայաստանի ինքնիշխան տարածքից զինված ուժերն ամբողջապես դուրս բերելու համար,
բ/ առանց նախապայմանների հայ գերիներին ազատ արձակելու համար,
գ/ Հայաստանի հանդեպ թշնամության մեջ ներգրավվելը դադարեցնելու համար,
դ/ Լեռնային Ղարաբաղում իրենց տներ էթնիկ հայերի վերադարձի իրավունքը ճանաչելու և տարածաշրջանում հայկական մշակութային և կրոնական կոթողների պահպանումը հանձն առնելու համար։
Հակառակ դեպքում․․․ Եթե նախագահը չհայտնի, որ Բաքուն այս ուղղությամբ «զգալի քայլեր» է ձեռնարկել, գործի կդրվեն օրենքի այլ դրույթներ։
ա/ Հայաստանի պաշտպանական երկարաժամկետ կարիքների բացերի և Ադրբեջանի կողմից բխող սպառնալիքների գնահատման նպատակով Հայաստանին տրամադրվող ԱՄՆ անվտանգային օժանդակության համապարփակ վերանայման պահանջ,
բ/ Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժնի կասեցման արգելափակում՝ այդպես ուժի մեջ թողնելով Ադրբեջանին ԱՄՆ աջակցության համար գոյություն ունեցող օրենսդրական արգելքները։
«Միացյալ Նահանգները աչք չի փակի»
«Չափից երկար ժամանակ է, ինչ Ադրբեջանին թույլատրվում է անպատժելիությամբ ապակայունացնել Հարավային Կովկասը, իրականացնել մարդու իրավունքների սահմռկեցուցիչ խախտումներ և սպառնալ հայ ժողովրդին։ Մեր օրինագիծը մեծ քայլ է ճիշտ ուղղությամբ, որը վերջապես հաշվետվողականության կկանչի Ալիևի ռեժիմին՝ մարդկայնության դեմ շարունակական հանցագործությունների և տարածաշրջանում տևական խաղաղության դեմ սպառնալիքների համար», – իր գրասենյակի փոխանցմամբ՝ ասել է Փելոնը։ Ինչպես Փելոնը, համահեղինակ Բիլիրակիսը նույնպես կիրառել է «շարունակական» բառը, երբ խոսել է Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության դեմ սպառնալիքների մասին։ «Այս օրենսդրությունը հղում է հստակ ուղերձ, որ Միացյալ Նահանգները աչք չի փակի ագրեսիայի, մարդու իրավունքների խախտումների կամ էթնիկ հայերի բռնի տեղահանության նկատմամբ», – ասել է Բիլիրակիսը։ Հայերի բարեկամ մեկ այլ կոնգրեսական Բրեդ Շերմանը նույնպես ասել է, որ Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ շարունակական է։ Հիշատակելով հայ պատանդներին և հայկական մշակութային ու կրոնական կոթողների ոչնչացումը՝ նա պնդել է, որ «լուրջ արձագանք» է անհրաժեշտ։ Շերմանն ասել է․ «Սահմանային անվտանգությունն ամրապնդելու և արդար ու տևական խաղաղության ձգտման ճանապարհին Հայաստանն արժանի է հուսալի գործընկեր ունենալ»։ Խախտումների և հայաստանյան ինքնիշխանության դեմ թշնամական գործողությունների շարունակականության մասին է խոսել նաև դեմոկրատ ներկայացուցիչ Դեյվիդ Վալադաոն։ Այլ մանրամասներ «Այս երկկուսակցական օրենսդրությունը նախատեսում է ամրապնդել Հայաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը՝ զուգահեռաբար հաշվետվողականության կանչելով Ադրբեջանի կառավարությանը շարունակական ագրեսիայի և մարդու իրավունքների խախտումների համար», – ասված է Փելոնի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Աղբյուրը՝ «Առավոտ»

